«Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն». Փաշինյանը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չգնալու, բայց աշխատավարձ ստանալու մասին
Կապանում լրագրողների հանդիպմանը Tert.am-ի լրագրողը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե չի՞ մտահոգում արդյոք վերջինիս այն փաստը, որ Հայաստանում կա պաշտոնյա, ով ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, բայց չի ներկայանում աշխատանքի, և խորհրդարանական երկրի Խորհրդարանը նախաձեռնությամբ հանդես չի գալիս նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է:
«Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ հարցին էլ, թե ի՞նչ է պատրաստվում անել այդ մտահոգության առիթով, պատասխանեց՝
«Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Գլխավոր դատախազությունը դարձան Նոր Հայաստանի դատախազություն, վարչապետն արձագանքեց.
«ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք 2017 թ. ընտրություններում ընտրակաշառք են վերցրել և քվեարկել են, և 2018 թ. դարձան Նոր Հայաստանի քաղաքացի: Բազմաթիվ քաղաքացիներ կային, որ երբ ես ասում էի՝ Հայաստանում առանց բռնության հնարավոր են քաղաքական փոփոխություններ, մեզ համարում էին իշխանության պրոյեկտ՝ ոչ առանց իշխանական լրատվամիջոցների օգնության: Այդ մարդիկ ինչպե՞ս հարյուր-հազարավորներով դարձան Նոր Հայաստանի քաղաքացիներ: Այդպես էլ կարող են լինել բազմաթիվ մարդիկ պետական կառավարման համակարգում, կարող են, ես չեմ ասում, որ հիմա կան: Բա ինչո՞ւ չեք հարցնում, որ հայտարարում էի, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է, ո՞ւմ նկատի ունեի, ի՞նչ նկատի ունեի»:
«Այդ հնարավորությունը սահմանափակված չէ որևէ գերատեսչության աշխատողի կամ չաշխատողի, որևէ քաղաքի, գյուղի բնակչի համար»,-եզրափակեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում