«Արցախի նախագահի բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ իրենց համար ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի ժառանգությունն ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ». Փաշինյան
Կապան քաղաքում այսօր հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանը՝ կապված ղարաբաղյան հարցի հետ:
«Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց (նկատի ունի 1in.am-ում հրապարակված այս տեքստը,- 168.am), որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը ո՞ր կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը: Պաշտոնական հերքումներ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից չեղավ: Ես կարծում եմ, որ այդ փաստի բերումով կարող ենք ֆիքսել՝ Սերժ Սարգսյանն ի՞նչ ժառանգություն է թողել, ի՞նչ է թողել սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ»,- ընդգծեց Փաշինյանը և ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակները, որոնք ժառանգություն է թողել ՀՀ երրորդ նախագահը:
«Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Հաջորդ կետը՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Այն է՝ տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում»,- լրատվամիջոցի հոդվածից մեջբերեց Փաշինյանը:
Շարունակելով Սերժ Սսրգսյանի թողած ժառանգության թեման՝ Փաշինյանը նշեց, որ ըստ դրա՝ վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են վերը նշված հինգ շրջանների տարածքները։
«Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ: Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, թե որ պահից ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցություններն այս կետից, միջազգային հանրությունը ոչ մի խնդիր չի ստեղծի:
«Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Թող Արցախի ժողովուրդն ասի՝ իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Թող հայ ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չի: Եթե ձեզ կհավատացնեն, թե սա կորսված է, ձեզ խաբում են: Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, սա՞ է ընդունելի տարբերակը, եթե ՀՀ-ի և Արցախի ժողովուրդը կընդունեն, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին: Ոչ մի խնդիր բացարձակ չենք ունենա:
Հիմա ես առաջարկում եմ և պնդում, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որ շահարկումները վերանան, որովհետև երբ ես դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալուց:
Իմ պատասխանը եղել է Ստեփանակերտում 2019-ի մարտին ՀՀ-ի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստում արտասանած տեքստը: Ուզում եմ ասել, որ ՀՀ որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսին է մեր կառավարությունը և ես անձամբ: Կրկնում եմ՝ Արցախի ընտրություններում բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ իրենց համար այս ժառանգությունն ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չի: Իրենք մտածում են, որ ՀՀ վարչապետն այսօր սա պիտի վերցնի՝ որպես ժառանգություն, և շարունակի՞ այս բանակցությունները, թե՞ ոչ: Ընդ որում, ես երաշխավորում եմ, որ հետո չասեն՝ մենք ասենք-չասենք, մեկ է, դա կորսված է: Ես երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի պրոբլեմ չի լինի, ընդհակառակը»,- վստահեցրեց Փաշինյանը:
«Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը»
Նշենք, որ Փաշինյանի այս խոսքին անմիջապես ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ գրելով.
«Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար:
Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով՝ հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է:
Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
- Եղե՞լ է արդյոք Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:
- Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
- Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:
Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:
Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:
Ինչպես ինքն է խոստովանել վերջերս մի նեղ շրջապատում, Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցությունների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է):
Հիմա ո՞ւմ ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ, թե՞ ժողովրդին:
Հ.Գ. Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը»,- գրել է նա: