Բաժիններ՝

Զինվորին հոսպիտալում պահելու կոռուպցիոն գործարքներ չեն եղել. Սահակ Օհանյան

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պարզաբանեց, թե ինչու է այս ձմեռային զորակոչին առողջական խնդիրներով պայմանավորված տարկետումների թիվը նվազել:

«Եթե նախկինում Կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարում էր ՀՀ զինվորական կոմիսարը, իսկ նրա տեղակալը հանդիսանում էր այդ հանձնաժողովի ավագ բժիշկը, ապա այս տարի կառավարության որոշմամբ հանձնաժողովի նախագահը հանդիսանում է Առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցը կամ ներկայացուցիչը: Տարիներ ի վեր զրույցներ են եղել, որ ՊՆ-ն, լինելով շահագրգիռ կառույց, հնարավոր է՝ ոչ այդքան լիարժեք հետազոտած լինի զորակոչիկին, քանի որ և՛ հետազոտող է, և՛ պատվիրատու, և տանել-չտանելու որոշում կայացնող: Հիմա ձևաչափը փոխվել է: Հավատացնում եմ ձեզ՝ առողջապահական խնդիր ունեցող յուրաքանչյուր զորակոչիկի դեպքում հոսպիտալային մահճակալի զբաղեցումը, լրացուցիչ հետազոտությունների անցկացումը, անհրաժեշտության դեպքում բուժումը ֆինանսական բավականին լուրջ բեռ է լինում ԶՈւ-ի համար, ուստի նման որոշում կայացվեց:

Այժմ հետազոտություններն անցկացվում են Առողջապահության նախարարության համապատասխան կառույցների կողմից՝ ինչպես առաջնային օղակի, այնպես էլ՝ տարբեր բժշկական կենտրոնների միջոցով: Համապատասխան եզրակացությունների առկայության դեպքում՝ կամ զինկոմիսարիատի այդ հանձնաժողովը, կամ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի պիտանիության վերաբերյալ որոշում է կայացնում: Տարկետումների թվի նվազումը, ըստ իս, պայմանավորված է նաև նրանով, որ ժամանակակից բժշկությունը զարգանում է, յուրաքանչյուր տարի հետազոտության նոր մեթոդներ են ի հայտ գալիս, լայն է դարձել նաև հանրության իրազեկումը, ուստի յուրաքանչյուր գանգատի դեպքում մինչև վերջին բջիջը հետազոտվում է զորակոչիկը»,- մանրամասնեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը:

Սահակ Օհանյանը տեղեկացրեց, որ զորակոչիկների շրջանում շատ են ողնաշարի և տեսողության հետ կապված առողջական խնդիրները, ինչը գալիս է այսօրվա կենսակերպից:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը և հանդիպմանը ներկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը բացառեցին հիվանդին, զինվորին հոսպիտալում պահելու կոռուպցիոն գործարքները:

«Երբ դատական կարգով նմանատիպ դեպքերը կապացուցվեն, մարդիկ կկրեն պատիժներ, այդ ժամանակ պատրաստ կլինեմ կոնկրետ դեպքի վերաբերյալ բացատրություն տալ: Բաց վերացական ասել, ես վեց ամիս է՝ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն եմ, այս ընթացքում նման դեպք չի գրանցվել»,- վստահեցրեց Սահակ Օհանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս