Կառավությունը վաղը կպատասխանի գյուղացիներին և մսագործներին
Այսօր առավոտից բողոքի ակցիայի էին դուրս եկել անասնապահները։ Նրանք փակել էին մի շարք մարզերի ճանապարհները՝ պահանջելով, որ Կառավարությունը չեղարկի անասունների պարտադիր սպանդանոցային մորթի մասին որոշումը։
Հիշեցնենք, որ այն պետք է կիրառվեր դեռ 2018-ի հուլիսից, սակայն պահանջները խստացվել են միայն այս տարի՝ հունվարի 15-ից։
Երևան-Արարատ ավտոճանապարհին մարզի բնակիչների հետ հանդիպեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և խոստացավ, որ բարձրացված հարցերը պատասխան կստանան երեկոյան ժամը 18։00-ին։
Ժամը 17։00-ից գյուղացիներն արդեն մարզպետարանի շենքի առջև սպասում էին մարզի պատգամավորների հետ հանդիպմանը։ Մարզպետարանի դահլիճը, որն առաջարկվեց քննարկման համար, պարզվեց փոքր էր, ուստի քննարկումը տեղափոխվեց մեկ այլ դահլիճ։
Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ պատգամավորները քննարկումից են գալիս և ԱԺ իրենց գործընկերներին ներկայացրել են գյուղացիներին հետաքրքրող հարցերը։
Վաղը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ամենայն հավանականությամբ հենց վարչապետը կներկայացնի գործադիրի որոշումը։
Արարատի մարզպետն ասաց, որ եթե այդ որոշումը գյուղացիներին չբավարարի, կլինեն նաև այլ քննարկումներ։