«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» նախագիծը թերի է. Արդարադատության փոխնախարար

Խորհրդարանն այսօր 90 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայնով ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:

Նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը:

Երեկ նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը պատգամավորներին կոչ արեց դեմ քվեարկել նախագծին` նշելով, որ Կառավարության օրակարգում քննարկման առարկա է դարձել նոր առաջարկ, ըստ որի՝ առաջարկվում է ստեղծել առանձին կազմակերպություն և նրան վերապահել գաղտնալսումների կազմակերպման ընթացքը և ստեղծել հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ:

168.am-ն այսօր նախագծի ընդունումից հետո Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մտավախություններ ունի նախագծի հետ կապված, և արդյո՞ք Կառավարության դիտարկած տարբերակը շարունակում է ուժի մեջ մնալ:

«Ես ասացի և վերահաստատեցի այն դիրքորոշումը, որ նախագիծը հատվածական լուծումներ է պարունակում և չի պարունակում հաշվետվողականության և վերահսկման հստակ մեխանիզմներ: Առաջարկեցի ևս մեկ անգամ քննարկել և փորձել գտնել հարցի լուծման լավագույն մոդելը: Հայտնեցի, որ Կառավարության օրակարգում քննարկման առարկա է դարձել նոր տարբերակ, որի համաձայն՝ կարող է նախատեսվել առանձին մարմնի ստեղծում, որը կզբաղվի գաղտնալսումների իրականացման տեխնիկական ապահովման գործընթացով միայն»,- շեշտեց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ այդ տարբերակը կարող է արդյունավետ լինել, և դրա հետ կապված՝ կարող են սահմանվել հստակ հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ, որպեսզի որևէ պարագայում անձի իրավունքների խախտման հնարավորություն չունենան:

Ինչ վերաբերում է նախագիծը կյանքի կոչելու հետ կապված ֆինանսական միջոցներին, որի վերաբերյալ փոխնախարարը ևս մտահոգություններ էր հայտնել, Սրբուհի Գալյանը վերհաստատեց, որ ունի մտահոգություններ:

«Կառավարությունում բարձրացվել էր այդ հարցը, թե արդյո՞ք այսօր Ոստիկանությունն ունի բավարար ռեսուրսներ՝ ապահովելու համապատասխան ստորաբաժանումները պատշաճ տեխնիկական սարքավորումներով, որոնք բավականին թանկարժեք են: Նախագծի հիմնավորման շրջանակներում չէին ներկայացվել նախնական ֆինանսական գնահատականները՝ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, տեղայնացման և այլ հարցերի հետ կապված: Ոստիկանության մեր գործընկերները վստահեցնում են, որ այդ խնդիրը լուծվելու է»,- ընդգծեց Ս. Գալյանը:

Հարցին՝ բերված նախագիծը թերի՞ է, Սրբուհի Գալյանը պատասխանեց.

«Ամեն դեպքում սա ամբողջական համալիր լուծում չէ, բայց քանի որ ընդունվել է, պետք է աշխատենք այն լրացնել՝ գործնական գործընթացը պատշաճ ձևով կազմակերպելու ուղղությամբ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս