«Ըստ երևույթին Թավադյանը պետք է կալանավորված մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել». Հովհաննես Խուդոյան

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքի փակ քննությունը տևեց ավելի քան 4 ժամ: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի՝ Արմեն Թավադյանին կալանավորելու և ձերբակալելու վերաբերյալ միասնական դատական ակտը: Պաշտպանական կողմը նաև մասնակցել է գործը դատավորին մակագրելու գործընթացին:

Խուդոյանի խոսքով՝ սովորական բողոքի քննություն է տեղի ունեցել՝ առանց արտասովոր իրադարձությունների:

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Վարուժան Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Պաշտպանի խոսքով՝ միակ հնարավոր տարբերակն այն է, որ Արմեն Թավադյանի դեմ ցուցմունք է տվել գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյանը, որը հիմա ազատության մեջ է: Ըստ Խուդոյանի՝ Ա. Թավադյանի նկատմամբ կա խտրական վերաբերմունք:

«Այս դատական նիստում կարծես թե այդ հարցի պատասխանը ստացանք: Վերջնական արդյունքում կարող եմ ասել, որ անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար: Քանի որ հաջողվել է այդ ցուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է: Եվ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, պարոն Թավադյանը պետք է կալանավորված մնա այնքան ժամանակ (սա իմ մեկնաբանությունն է, բառացի այսպես չի ասվել), քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Խուդոյանը:

Դատական նիստի ընթացքում դատավորի հնչեցրած հարցերից պաշտպանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ դատավորն ամբողջությամբ ընկալել է բողոքը:

«Իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որևէ որոշում, որը կտարբերվի պարոն Թավադյանին անհապաղ ազատ արձակելու որոշումից: Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ այդպես կանխատեսումներով լինում: Դատական ակտից պարզ կլինի, թե ինչքանով է այս գործընթացում աշխատել իրավաբանությունը, ինչքանով են աշխատել այլ հարցեր»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Դատական ակտը կհրապարակվի հունվարի 21-ին, ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, դատարանի որոշմամբ կալանավորվել է դեկտեմբերի 26-ին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս