«Արթուր Վանեցյանը հեղափոխությունից հետո դարձավ Արթուր Վանեցյան». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում ատելության որևէ մթնոլորտ չկա, եթե կա էլ, ապա այն «բոլորովին այլ տեղից է գալիս»:

«Դուք բոլորդ շատ էլ լավ տեսնում եք, թե իշխանությունները բոլոր միջոցներով մարդկանց ինչպես են հորդորում, որպեսզի Ֆեյսբուքում հայհոյանքներով մեկնաբանություններ չգրեն, բայց արի ու տես, որ գրում են: Բայց ես նորից եմ կրկնում, դրանով ասել, որ այն Հայաստանում ատելության մթնոլորտ է ստեղծում՝ ուռճացված է: Այնպես որ, սա օրակարգային խնդիր չէ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը և 168.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանում ատելության մթնոլորտն անհանգստացնո՞ղ է:

Ըստ նրա, Արթուր Վանեցյանը շատ մտավախությունների մասին է խոսել, բայց թե կոնկրետ որոնք են՝ չի մատնանշել, խնդիրը լինելուց հետո է միայն նա ասում, որ հենց այդ խնդիրը նկատի ուներ:

«Լավ կլինի հիմա Արթուր Վանեցյանը մատնանշի բոլոր խնդիրները, որպեսզի մենք հետագայում տեսնենք՝ դրանք կա՞ն, թե՞ չկան»,- շեշտեց Հրաչյա Հակոբյանը:

Հարցին՝ ընդդիմադիր բևեռը, որը պատրաստվում է ստեղծել Արթուր Վանեցյանը, որքանո՞վ կարող է մրցունակ լինել իշխանության հետ, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Ես չեմ տեսնում, որ փորձում է ձևավորել ընդդիմություն, ըստ իս՝ նա դեռ փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել: Բայց որքանով նրան կհաջողվի ձևավորել ընդդիմադիր բևեռ՝ չեմ կարող ասել: Կարծում եմ՝ Արթուր Վանեցյանի շուրջ չի կարող ռեալ ընդդիմադիր բևեռ ձևավորվել: Արթուր Վանեցյանը հեղափոխությունից հետո դարձավ Արթուր Վանեցյան, երբ վարչապետի կողմից նշանակվեց  ԱԱԾ ղեկավար և բացահայտեց մի քանի աղմկահարույց գործեր: Ժողովրդին այդ ամենը ոգևորեց, բայց հիմա վստահ եմ, որ Արթուր Վանեցյանն այդ փառքն ու պատիվը չի վայելում»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս