«Սա ի՞նչ է, ստացվում է՝ ես ու Ստյոպա՞ն ենք մեղավոր մարտի 1-ին սպանված 10 զոհերի համար։ Էս ի՞նչ անհեթեթ եզրակացություն է». Անահիտ Բախշյանը՝ «Վիկիլիքսի» հրապարակման մասին
2008թ. մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող «Վիկիլիքսի» հրապարակումներում անդրադարձ է եղել նաև Անահիտ Բախշյանին և Ստյոպա Սաֆարյանին, որտեղ մասնավորապես ասվում է. «Այդ ժամանակահատվածում, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Ըստ այս երկուսի՝ այդ պատճառով է զայրացած ամբոխը հավաքվել դեսպանատների մոտ։ Մեկնաբանության մեջ Փենինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել)»:
Հրապարակման մեջ մեկ պարբերություն հետո նորից հիշատակվում են Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը. «Ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանին և Անահիտ Բախշյանին, ապա նրանք զբաղված են եղել կեղծ լուրեր տարածելով, իրավիճակի զգացմունքայնությունը է՛լ ավելի շիկացնելով։ Բոլորս հիշում ենք, թե մարտի 1-ին կեղծ հրեշավոր լուրերի կազմակերպված ինչպիսի հոսքեր էին տարածվում։ Դա էլ ավելի էր շիկացնում վիճակը՝ այն դարձնելով ավելի ու ավելի պայթյունավտանգ»:
168.am-ն Անահիտ Բախշյանից, ֆեյսբուքյան էջի բաց քննարկման ժամանակ, մեջբերելով հրապարակման առաջին հատվածը՝ զոհերի մասին տեղեկություն տարածելու և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ կապ հաստատելու վերաբերյալ, փորձեց պարզել՝ տեղեկությունը սխա՞լ է, թե՞ ճիշտ, կապ հաստատվե՞լ է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ, ինչին ի պատասխան՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Սա ի՞նչ է, ստացվում է՝ ես ու Ստյոպա՞ն ենք մեղավոր մարտի 1-ին սպանված 10 զոհերի համար։ Էս ի՞նչ անհեթեթ եզրակացություն է։ Իրականությունն այն է, որ մենք ասել ենք՝ Ֆրանսիայի դեսպանատան և Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովուրդը զայրացած ու գրգռված վիճակում է, որովհետև լուրեր են շրջանառվում արդեն զոհված մարդկանց մասին։ Անկառավարելի ու շատ վտանգավոր վիճակ էր տիրում քաղաքի կենտրոնում, որի վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, բայց այս հոդվածում մեզ հասցեագրված այս տեղեկությունը ճիշտ չէ։ Մենք նման փաստ չենք ունեցել, կրկնում եմ, մենք ասել ենք՝ այդպիսի լուրեր են շրջանառվում, որոնք ժողովրդին հունից հանել են»,- նշեց նա:
Թեպետ Անահիտ Բախշյանից թույլտվություն ստացել էինք ֆեյսբուքյան հարթակում մեր հարցուպատասխանը հրապարակելու վերաբերյալ, այնուամենայնիվ ևս մեկ անգամ փորձեցինք հեռախոսազանգի միջոցով ստանալ նրա համաձայնությունը:
«Այո, կարող եք, ես գրել էի, որ կարող եք: Բայց դա շատ կարճ եմ գրել, հիմա Ստյոպա Սաֆարյանի հետ ավելի հիմնավոր ենք գրում»,- ասաց Բախշյանը:
Ի դեպ, 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող «Վիկիլիքսի» հրապարակումների հետ կապված հարցում ենք ուղարկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, պատասխան գրությունը ստանալուց հետո կհրապարակենք նաև ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը: