2019թ. Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, 4 անգամ՝ Դմիտրի Մեդվեդևի
Նախորդ տարին հայ-ռուսական հարաբերությունների համար եղել է բավական հագեցած և արգասաբեր: Բարեփոխումներով պայմանավորված՝ որոշ դադարներից հետո բարեկամական ու բազմակողմանի համագործակցությունը շարունակվել է:Այդ մասին ասված է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:
«Քաղաքական երկխոսությունն ինտենսիվ բնույթ էր կրում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և 4 անգամ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Եղած ներուժի ամբողջական իրականացման համար սկզբունքորեն ձեռք է բերվել համաձայնություն`տարբեր գերատեսչությունների ղեկավարության միջև փոխգործակցությունն ուժեղացնելու վերաբերյալ»,-ասված է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ ընդլայնվել է փոխգործակցությունը խորհրդարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների միջև, ռազմատեխնիկական, գիտակրթական, մշակութային ոլորտներում:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը: Տնտեսական համագործակցության ուղղությամբ գործել է համատեղ 6 աշխատանքային խումբ: Արդյունավետ համակարգվել են տարբեր գլոբալ և տարածաշրջանային հարթակներում, ինտեգրացիոն միավորումներում եղած ջանքերը: Հատուկ ընդգծվել է Երևանի արդյունավետ նախագահությունը ԵԱՏՄ-ում: