Ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով «սուպերվարչապետական համակարգ». Պարզաբանում է Լիլիթ Մակունցը

«Անկեղծ, դեռևս չգիտեմ, թե Արդարադատության նախարարությունն ինչպիսի ռազմավարություն է որդեգրել այդ ուղղությամբ: Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը ներգրավված կլինի մասնագիտական հանձնաժողովում, խմբակցության կարծիքն այնտեղ նույնպես կարծարծվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, որոնք սպասվում են այս տարի:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ անհրաժեշտ է վերադառնալ  կիսանախագահական համակարգին, Լիլիթ Մակունցը կարծիք հայտնեց, որ բոլոր այդ հարցերը կդրվեն մասնագիտական խմբի սեղանին և կքննարկվեն:

«Ինքս այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն մասնագիտական խումբը պետք է քննարկի և ներկայացնի փաստարկներ ու հակափաստարկներ: Միայն այս ամենի արդյունքում կկարողանանք հասկանալ, թե որ կողմն է ծանրակշիռ դիրքերից հանդես գալիս»,- ընդգծեց Լ. Մակունցը:

Լրագրողի հարցին՝ սահմանադրական բարեփոխումներ կատարելիս, «սուպերվարչապետական» համակարգին անդրադարձ կլինի՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով կամ ստիպողաբար ձևավորվող իշխանություններ, մենք այսօր նման բան չունենք: Մենք «սուպերվարչապետական»  համակարգում ունեինք ընդդիմություն, որն իր լիազորություններով և գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Երբևէ չեմ հիշում, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ընդդիմությունը այնքան ուժեղ լինի, որքան այսօր է»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ սթափվել է պետք, կանգ առնել է պետք օր առաջ, Լիլիթ Մակունցը նշեց.

«Արթուր Վանեցյանը ԱԱԾ նախկին պետ է,  ես նրա հայտարարությունները չեմ համարում քաղաքական հայտարարություն, հետևաբար՝ դրանց չեմ անդրադառնում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս