Բաժիններ՝

Արզնիում ապօրինի շինաշխատանքներ են իրականացվում, մինչդեռ վարչական դատարանը դրանք կասեցնելու որոշում է ընդունել

Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի է ունենում ապօրինի շինարարություն։ Այս մասին Արզնի այցելած լրագրողների հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

«Այս հողատարածքը մոտավորապես 53 հեկտար է,  դեռևս 1997 թվականին հանձնվել էր «Արզնի» թռչնաֆաբրիկային, որը համարվել է հողատարածքի օրինական օգտագործողը:  2018 թվականի մարտին համայնքի ղեկավարության որոշմամբ ամբողջ տարածքից 1,8 հեկտար տարածք աճուրդով վաճառվել է ոմն քաղաքացու, հաշվի չառնելով, որ տարածքը վարձակալած է։ Այն անձը, որը ձեռք է բերել հողատարածքը, 2019 թվականին էլ վաճառել է Դավիթ Սուքիասյանին, որը  Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղարն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ նրա, մտավախություններ ունեն, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, հաշվի առնելով նաև այն հանագամանքը, որ հողակտորը հատկացվել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի պաշտոնավարման ժամանակ։  Կարապետ Գուլոյանը և Դավիթ Սուքիասյանը մտերիմներ են։

«Եթե փնտրեք «Դակավա» քընսթրաքշն կազմակերպությունը, ապա կտեսնեք, որ դրա հիմնադիրները համարվում են Դավիթ Սուքիասյանը և Կարապետ Գուլոյանը։ Հետևաբար՝ այս տարածքը ապօրինաբար տրամադրվել է Դավիթ Սուքիասյանին, այնուհետև, երբ այստեղ սկսել են հողային աշխատանքներ իրականացնել, «Արզնի» թռչնաֆաբրիկան տեսնելով, որ իրեն պատկանող տարածքում շինարարություն է իրականացվում դիմել է և՛ շինարարություն իրականացնողներին, և՛ համայնքի ղեկավարին։ Վերջինս պատասխանել է, որ շինթույլտվությունը տրվել է հոսանքի լարերն արդիականացնելու համար։ Այս շինթույլտվությունը վիճարկվել է Վարչական դատարանում, որոշում է կայացվել, որ դադարեցվում են շինաշխատանքները։ Դիմել ենք համայնքի ղեկավարին, որ վերջինը ծանուցի դադարեցնել աշխատանքները, նա էլ պատասխանել է, որ փոստով ծանուցումն ուղարկել է, պատասխան ստանալուց հետո միայն վարչական վարույթ կիրականացնի»,- ընդգծեց փաստաբանը։

Ըստ շինթույլտվության տեղեկատվության՝ տարածքում կառուցվում է  արտադրամաս։
Արզնի համայնքի ղեկավար Ալեքսանդր Միրզոևի հետ հանդիպմանը փաստաբանը զգուշացրեց նրան, որ շինաշխատանքների կասեցումը դանդաղ է ընթանում, և եթե այդպես շարունակվի, ապա ապօրինի շինությունը կարճ ժամանակ  անց կառուցված կլինի։

Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ փոստով դատարանից որոշումն ուղարկել են շինարարություն իրականացնողին։

«Դատարանի որոշման համաձայն՝ մենք ծանուցումն ուղարկել ենք շինարարություն իրականացնողին»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս