Բաժիններ՝

ԵՊՀ-ն պաշտոնապես հերքում է «Հրապարակ» օրաթերթի առաքումը չեղարկելու մասին լուրերը

Այսօր «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հրապարակում էր կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ նշելով, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ.

««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացավ, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» օրաթերթի առաքումը ԵՊՀ։ Գեղամ Գևորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում և հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին և «Հրապարակ» օրաթերթին։
Սա խոսքի և ինֆորմացիաի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի և վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ ենք անում հետևողական լինել և իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից»,- նշված էր նախաձեռնության հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ պոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նման հանձնարարություն չի տվել։

«Մենք հերքում ենք, թերթի առաքումը չենք արգելել, նրանք կարող են առաքել։ Պաշտոնապես հերքում եմ, ո՛չ այդ, ո՛չ էլ որևէ թերթի առաքումը չենք արգելել»,- նշեց Ռ. Բարխուդարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս