Կառավարությունն իր այս որոշմամբ բոլոր ֆերմերներին դրել է «տուպիկի» մեջ. Ֆերմերները վաղը կրկին դուրս են գալու բողոքի ակցիայի
Այսօր վաղ առավոտից տարբեր համայնքներից մի շարք ֆերմերներ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերանայել Կառավարության ընդունված որոշումը՝ սպանդանոցային մորթի պարտադիր լինելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ից հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջն արդեն պարտադիր է: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով:
Ֆերմերների խոսքով՝ Կառավարությունն իր այս որոշմամբ բոլոր ֆերմերներին դրել է «տուպիկի» մեջ, և եթե իր որոշումը չվերանայի, ապա ֆերմերային տնտեսությունները մեկը մյուսի հետևից փակվելու են, իսկ ֆերմերներն էլ արտագաղթելու են։
Նրանք վստահեցնում էին, որ ներկայիս սպանդանոցներն իրենց չեն արդարացնում, դրանք միմյանցից շատ հեռու են, իսկ անասուններին այնտեղ հասցնելու համար մեծ միջոցներ են անհրաժեշտ։
Բողոքողների հետ հանդիպեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը, ով առաջարկեց 5-10 հոգով գնալ ծառայություն և այնտեղ խնդիրը քննարկել, սակայն ֆերմերները չհամաձայնեցին՝ նշելով, որ իրենք խնդիրը բարձրացնում են, ուստի պետք է խնդրին լուծում տրվի անմիջապես։
Երկուստեք համաձայնության չգալով՝ ֆերմերները հեռացան՝ հայտարարելով, որ վաղը կրկին գալու են Կառավարության շենքի մոտ և կմնան այնքան, մինչև հարցին լուծում տրվի։