Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատավճռին կսպասի բանտում

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Օկրուաշվիլիին ձերբակալել են 2019 թվականի հուլիսի 25-ին՝ հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի վրա գրոհի փորձ կատարելու ժամանակ բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու եւ դրանց մասնակցելու մեղադրանքով: Դատարանը հետաքննության ընթացքում քաղաքական գործչին ուղարկել էր նախնական կալանքի: Մեղքը հաստատվելու դեպքում Օկրուաշվիլիին սպառնում է վեցից մինչեւ ինը տարվա ազատազրկում:

Հունվարի 16-ին կայացած դատավարության ընթացքում հարցաքննել են մեղադրանքի երկու վկաների՝ երկու քննիչների եւ ՆԳ նախարարության մամուլի ծառայության մեկ աշխատակցի:
Մեղադրյալն ինքը ներկա չի եղել նիստին:

Դատավարության ժամանակ նաեւ քննվել է Օկրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը, սակայն դատարանն այն թողել է առանց փոփոխության:
Հունիսի 20-ի բողոքի ակցիան վերաճել էր անկարգությունների, ցուցարարները խորհրդարանի վրա գրոհելու փորձ էին ձեռնարկել: Ոստիկանությունը կիրառել էր արտասվաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Այդ գիշեր տուժել էր 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս