Բաժիններ՝

«Եթե դուք ցանկանում եք վաճառել ձեր ազնվությունը, ուրեմն՝ առաջ». Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ) «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց: ԱԳ նախարարն այսպես է մեկնաբանել The Washington Post թերթի համապատասխան հրապարակումը: «Եվրաեռյակը» ԳՀՀԾ-ի մնացորդները ծախեց Թրամփի նոր մաքսատուրքերից խուսափելու դիմաց: Այդպես չի լինի, բարեկամնե՛ր: Դուք միայն գրգռում եք նրա ախորժակը «…» Եթե դուք ցանկանում եք վաճառել ձեր ազնվությունը, ուրեմն՝ առաջ: Բայց բարձր բարոյականության եւ իրավաբանական հիմնավորումների մասին մի խոսեք, դուք դրանք չունեք»,-գրել է Զարիֆը Twitter-ի իր էջում:

The Washington Post-ը հունվարի 15-ին, վկայակոչելով աղբյուրներ, պնդել է, որ Թրամփը Փարզին, Լոնդոնին եւ Բեռլինին սպառնում էր 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա, եթե նրանք Իրանին չմեղադրեն ԳՀՀԾ-ն խախտելու մեջ: Հրատարակության տվյալներով՝ նախազգուշացումն արվել է այն բանից մեկ շաբաթ առաջ, երբ նշված երկրները գործարկեցին միջուկային գործարքի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը: Թերթի աղբյուրներից մեկն ԱՄՆ-ի այդ քայլը որակել է «շորթում»:

Ավելի վաղ Զարիֆը ռազմավարական սխալ է համարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: «Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը:

«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Մեխանիզմի աշխատանքը համակարգելու է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս