Երկու անգամ աճել է ընտանիքում բռնության դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների թիվը
Մարդու իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։
Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։
Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումն ու դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է:
Բողոքների թվի աճը պայմանավորված է նաև անցյալ տարի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման ծրագրով, որի շրջանակում #դեմեմբռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։
Պատրաստվել են նաև ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ ուղեցույցներ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, բրալյան գրով, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար առանձին ձեռնարկ, որի մեթոդաբանությունը կիրառվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ զրույցների ժամանակ։
Քաղաքացիների համար նախատեսված ուղեցույցները տարածվել են մարզերում։
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների մեծ մասի դեպքում տրվել է խորհրդատվություն և ուղղորդում։