Ալբանիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը. Կփոխվի՞ արդյոք իրավիճակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկրի պարտականությունները 2019-ին նախագահությունն իրականացրած Սլովակիայից անցել են Ալբանիային։ ԵԱՀԿ-ում Սլովակիան հանդես էր գալիս «Դեպի մարդն ուղղված նախագահություն» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն էին. գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը և ծագող հակամարտությունների կանխարգելումը, արդյունավետ մուլտիլատերալիզմը և մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը։ Բրատիսլավան առանձնակի ուշադրություն էր հատկացնում Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման գործընթացին՝ հանդես գալով տարատեսակ նախաձեռնություններով:
Սլովակիան ակտիվ էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման պարտականությունները դրվել էին արտգործնախարար Միրոսլավ Լայչակի վրա, ով նախագահության օրոք այցելեց տարածաշրջան, փորձեց աջակցել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող բանակցային-խորհրդակցական գործընթացին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, փորձեց «գաղափարներ» դնել բանակցային սեղանին:
Բրատիսլավայում Սլովակիայի նախագահության աջակցությամբ կազմակերպված վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն էր, որին հաջորդեց Մ.Լայչակի հայտարարությունը, թե առկա է ԼՂ հակամարտության էսկալացիայի իրական վտանգ: Նա ընդգծել էր, որ տարվա ընթացքում հակամարտությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը կայացել է ՄԽ գործընթացի, Ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակներում:
«Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի աջակցենք երկխոսությանը, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի»,- ասել էր նա:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման, ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացնելով նախագահության գերակայությունները, ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում:
«Միասին իրականացնելով մեր հանձնառությունները» կարգախոսի ներքո ունեցած իր ելույթում Էդի Ռաման մեծապես կարևորել էր երկխոսության խորացումը, ընդգծել ընդհանուր պատասխանատվությունն ու միասնական քաղաքական հայացքները, որը կիսում են 57 մասնակից-պետությունները: «Հակամարտությունների կարգավորման հանձնառությունը, ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն են, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- ասել էր Ռաման:
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նիկոլյա Հայոսը մեկնաբանեց, թե ինչպես կկարողանա Ալբանիան՝ որպես համանախագահող երկիր, նպաստել բանակցային գործընթացին: Ըստ նրա՝ նախագահությունը ԵԱՀԿ-ում բացառիկ հնարավորություն է նախագահությունը ստանձնող երկրի համար՝ ցուցադրել սեփական դիվանագիտական և քաղաքական պաշարը, հմտությունները՝ հարաբերվելու այս կամ այն երկրի հետ, փոփոխել իրավիճակ հակամարտության գոտիներում, լինել նախաձեռնողական, օգտագործելով այդ հարթակը՝ երկրի հեղինակությունը բարձրացնելու համար:
«Առանձնապես նշանակություն չունի, թե ինչ երկկողմ հարաբերություններ կան, օրինակ, Ալբանիայի և Հայաստանի միջև, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելով՝ Ալբանիան ստանձնում է ԵԱՀԿ օրակարգը, դրա առաջնահերթությունները, որի ցանկում նաև ջանքերն են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բայց պետք է նաև հիշել, թե վերջին տարիներին, բացի հարթակ ծառայելուց, բացի հակամարտության գոտի այցեր կատարելուց, ինչ առաջընթաց են կարողացել ապահովել կարգավորման գործընթացում նախագահող երկրները: Կարելի է ասել, որ շատ փոքր է եղել այդ ջանքերի ազդեցությունը, քանի որ կողմերն իրենք են որոշում՝ ինչպես տանել բանակցային գործընթացը, ԵԱՀԿ դերակատարությունն այստեղ կայունության շարունակականության ապահովումն է, բանակցություններին տեխնիկապես նպաստելը:
Պետք է հասկանալ նաև, որ նախագահող երկրի լիազորությունների շրջանակը ևս բավականին լայն է, ուստի բոլոր հակամարտությունների կարգավորման հարցում առանցքային դերակատարություն նախագահող երկիրը չի ունենում և առաջնորդվում է նաև ըստ անհրաժեշտության և առաջնահերթության՝ դիտարկելով իրավիճակը հակամարտության գոտում: Եթե իրավիճակը պայթյունավտանգ է ԼՂ հակամարտության գոտում, ապա նախագահող երկիրը սկսում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ կամ Մերձդնեստրի, Ուկրաինայի, և այլն, այսինքն՝ կապ ունի այն իրավիճակը, որում գտնվում է տվյալ հակամարտությունը, որի համար տվյալներ են հավաքագրում դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Մի շարք մասնագետներ գտնում են, որ վերջին տարիներին թուլացել է ԵԱՀԿ-ի դերը հակամարտությունների բուն կարգավորման գործընթացում, սակայն պետք է հասկանալ, որ ԵԱՀԿ-ն ավելի ապագային միտված քաղաքականություն է իրականացնում, կայուն, ջանում է հակամարտող կողմերի միջև համապատասխան մթնոլորտ ստեղծել փոխվստահության մեխանիզմների միջոցով, ժողովրդավարությանն աջակցելու միջոցով: Ուստի թերագնահատել ևս չի կարելի: Սակայն ակնկալել, որ համանախագահող երկիրը կարող է կարգավորել հակամարտությունը, պետք չէ, քանի որ հակամարտությունը կկարգավորեն միայն կողմերը, իսկ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով միայն կարող է նպաստել դրան որոշակիորեն»,- ասաց Հայոսը:
Գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն իր հերթին ասաց, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, այդ թվում՝ նախագահող երկրների դիվանագետները, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի դեպքում ապավինում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ավելի նախաձեռնողական քաղաքականություն չեն դրսևորում:
«Այն, ինչ կարելի է սպասել նախագահող երկրից, ուշադրությունն է, հետևողական արձագանքներն իրավիճակներին հայտարարություններով, դիվանագիտական խողովակներով: Բնականաբար, ԵԱՀԿ-ն կարող է նաև ավելի գործուն դերակատարություն ունենալ, սակայն դա անում է ճգնաժամային իրավիճակներում: Իսկ սովորաբար ԵԱՀԿ-ն սահմանափակվում է՝ զինամթերքի տարածումը վերահսկելով, իրավիճակին հետևելով, համապատասխան հայտարարություններ անելով, այցեր կատարելով, անհրաժեշտ դեպքերում՝ առաջարկներ մշակելով: Ինչ վերաբերում է կոնկրետ ԼՂ հակամարտության կարգավորմանը, կարծում եմ՝ այն կշարունակվի այն տրամաբանությամբ, ինչ միշտ, անկախ նախագահող բուն երկրի ջանքերից»,- ասաց վերլուծաբանը