Չեն հիմ­նա­վոր­վում այն կար­ծիք­նե­րը, թե Ամա­նո­րի մեկշա­բա­թյա հան­գիս­տը մեր երկ­րի հա­մար շռայ­լու­թյուն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ամանորի հանգստի տեւողության վերաբերյալ քննարկումները կրկին ակտուալություն են ստանում։ Խնդիրն այն է, որ կարծիքներ կան, թե մոտ մեկ շաբաթ տեւող հանգստյան օրերը պետք է կրճատել, քանի որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում, չեն նպաստում տնտեսության զարգացմանը եւ այլն։ Ինչպես հիշում եք, նախկինում եւս Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնական օրերը կրճատելու փորձեր եղել են։

2017 թվականի վերջին Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր փոփոխել ՀՀ «Տոների եւ հիշատակների մասին» օրենքը, որով նախատեսվում էր կրճատել հանգստի ժամանակահատվածը` հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը համարելով աշխատանքային:

Այսպիսի նախաձեռնությունը հիմնավորվում էր նրանով, թե նախածննդյան օրերի ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, եւ օրինագծի ընդունումը նպատակաուղղված է պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Սակայն հետագայում այս օրինագիծը մերժվեց՝ հաշվի առնելով, որ այդ երեք արձակուրդային օրերի կրճատումը սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման տեսանկյունից մեծ արդյունք ունենալ չի կարող։ Այս հանգամանքը ապացուցվում է նաեւ միջազգային փորձով, երբ ամենաարագ զարգացող երկրներում երկարատեւ ամանորյա հանգիստ է տրամադրվում։

Եվ որպես առավել ակնառու օրինակ կարող ենք ներկայացնել Չինաստանի փորձը։ Ըստ լուսնային օրացույցի՝ Նոր տարին համարվում է ամենագլխավոր տոնը Չինաստանում:

Չինական Նոր տարին կամ, ինչպես իրենք են ասում, գարնանային տոնախմբությունը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի, տարվա ամենաերկարատեւ տոնն է։

Չինաստանում գարնանային տոնախմբության առաջին 5 օրվա ընթացքում բոլոր խանութները փակ են լինում՝ չհաշված, որ որոշ խանութներ փակ են լինում մինչեւ տոնակատարության ավարտը։ Նշենք, որ առաջ չինացիները Ամանորը նույնիսկ մի ամբողջ ամիս էին նշում, այնպես որ, երկու շաբաթը այդքան էլ շատ չէ:

Եվ ուշագրավ է, որ Չինաստանում Ամանորի առթիվ պաշտոնապես 7 օր արձակուրդ է տրամադրվում, սակայն իրականում արձակուրդները տեւում են մինչեւ 15-20 օր: Ավելին, այս օրերին մատակարար ու առաքող կազմակերպությունները զգուշացնում են, որ «հունվարի 18-ից փետրվարի 3-ը Չինաստանում նշվում է Նոր Տարի, եւ բեռնափոխադրող ընկերությունները, պետական լոգիստիկ կառույցներն ու օնլայն խանութներն այդ օրերին չեն աշխատում»։

Այսուամենայնիվ, դա չի խանգարում, որ չինական տնտեսությունը զարգանա եւ մնա համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Չինացիները կարողանում են ոչ միայն լավ եւ արդյունավետ աշխատել տարվա ընթացքում, այլեւ ոչ պակաս լավ, ուրախության եւ խանդավառության առանձնակի զգացումով փորձում են հանգստանալ։

Եվրոպական շատ երկրներում էլ Սուրբծննդյան տոներին ու Ամանորին ընդհանուր առմամբ հանգստանում են 4-5 օր, որոշ դեպքերում՝ մեզ նման 7-8 օր, ու առանձնապես չեն դժգոհում:

Առավել եւս, որ ամենուր, Հայաստանում եւս, այդ օրերին աշխատում են արագ արձագանքման ծառայությունները, բուժհաստատությունները, մաքսային մարմինները, սննդի արդյունաբերությունը, սպասարկման օղակները, խանութները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս