Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել հայտնի գաղտնալսման գործով․ ինչու վարչապետը հրավիրվեց հարացաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, եւ հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տեւել է 2 ժամ 35 րոպե: Իսկ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գաղտնալսման գործով:
«Ժողովուրդ» թերթին հասած լուրերի համաձայն՝ որեւէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, պարզապես մի քանի հարցեր են տվել վարչապետին:
Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ վարչապետին հարցաքննության հրավիրելու եւ նրա կողմից կոմիտեում հարցաքննվելու լուսանկար հրապարակելը ակնարկ է եղել գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց համար:
Մասնավորապես, եթե մյուս գերատեսչությունների պաշտոնատար անձանց այս կամ այն գործով հրավիրեն հարցաքննության, եւ վերջիններս հրաժարվեն գնալ, ապա վարչապետի հարցաքննության փաստը իրավապահները պետք է օգտագործեն որպես զենք՝ նշելով՝ եթե վարչապետը հարցաքննության է հրավիրվել եւ գնացել է ՀՀ քննչական կոմիտե, ապա մյուսները իրավունք չունեն հրաժարվել կամ չգնալ նախաքննական կամ հետաքննական մարմին՝ հարցաքննության կամ բացատրություն տալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: