Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի. դատարանը հրապարակեց որոշումը
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Դատարանը նրա նկատմամբ ընտրված կալանավորումը որպես խափանման միջոցը փոխեց չհեռանալու մասին ստորագրությամբ:
Դատախազությունը նման միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Երեկ ԱԺ նախկին պատգամավորին տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք։
Այսօր դատական նիստի ընթացքում Փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները՝ կապված դրանց բացասական դինամիկայի հետ, համատեղելի չեն կալանքի հետ։
Հաշվի առնելով վերոբերյալ հանգամանքը՝ դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Գրիգորյանին։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դրական դինամիկայի արձանագրման համար բժիշկները երկու օր ժամանակ էին տվել, հակառակ դեպքում դրական տեղաշարժ դժվար է սպասել։
Հիշեցնենք՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):