«Եթե դիմումիս չարձագանքեն` կաղմկեմ. գիտեմ՝ իմ շատ աղմկելուց՝ ամեն ինչի ընդունակ են». Ալիկ Սարգսյանը պահանջում է իրեն կանչել հարցաքննության
2019 թվականի սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց 4 ամիս անց էլ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում։
Սարգսյանը պնդում է՝ շարունակում է զրկված մնալ ազատ տեղաշարժի իր իրավունքից ու հարցնում է. «Ու էսպես քանի՞ տարի»։
«Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ գործն ի՞նչ ընթացք ունի, հասկանամ, թե այդ ի՞նչ մեղադրանք է։ Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. ես իրենց գերի՞ն եմ, ինչ է, թե՞ իրենց անձնական սեփականությունը, էսպես քանի՞ տարի պիտի պահեն։ Մի խափանման միջոց են ընտրել, ու վերջ. մարդուն մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ու, ոչ կոմպետենտ որոշումով էսպես պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Նախկին ոստիկանապետը նշեց, որ իր սեփական նախաձեռնությամբ պատրաստվում է դիմում գրել ու խնդրել, որ իրեն կանչեն հարցաքննության։
«Որոշել եմ դիմում գրել, որ ինձ հրավիրեն հարցաքննության, որ ես հասկանամ իմ գործի ընթացքը, թե չէ՝ ինչքա՞ն նստեմ, սպասեմ, որ հիշեն ու կանչեն։ Ինձ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, բայց ես գիտեմ, որ իրենք ամեն ինչի ընդունակ են, ես արժանի չեմ, որ ինձ անիմաստ տեղն էսպես ամիսներով պահեն, ես որևէ մեկին նաև այդ իրավունքը չեմ տվել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, համբերությունն էլ՝ իր սահմանը։ Եթե իմ դիմումին չարձագանքեն, ես կաղմկեմ, ես հասկանում եմ՝ իմ շատ աղմկելուց իրենք ամեն ինչի ընդունակ են»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ նշելով, որ իր նկատմամբ արդարադատությունը վերականգնելու համար պատրաստ է ամեն ինչի։
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի կանչվում հարցաքննության, այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի սեպտեմբերին։
Հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց.
«ՀՔԾ-ն հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անի»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) և 334-րդ հոդվածի 1-ին (Հանցագործությունը պարտակելը) մասերով: