Ո՞րը կլինի օրերս գործարկված «Թուրքական հոսքի» հայկական էֆեկտը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի 8-ին գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը այն դեպքում, երբ 2014-ից քննարկվող նախագիծը 2015-ից Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացավ օրերս Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում: Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել էին նաև Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որոնք զեկույցներով հանդես էին եկել գազատարով մատակարարումների սկսվելու արարողությունից առաջ: Բացի այդ, միջոցառման մասնակիցներին ցուցադրել էին նախագծի տեսաշնորհանդեսը: Սրահում, որտեղ կայացել էր արարողությունը, ներկա էին նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ է: Առաջին ուղեգիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան և Հունգարիան: Խողովակաշարի ծովային հատվածը (~910կմ) ամբողջությամբ պատկանում է «Գազպրոմին»: Թուրքիայում կառուցվելիք ցամաքային հատվածի բաժնետոմսերը հավասարապես կիսվելու են թուրքական և ռուսաստանյան ընկերությունների միջև:
Մեզ հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ չնայած տարիներ ձգվող ռուս-թուրքական տարաձայնություններին, Թուրքիայի իշխանությունները ցանկանում էին այս ծրագիրը գլուխ բերել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ առավելություններ է ստանում Թուրքիան այս ամենից՝ որպես ուղիղ տարանցիկ երկիր: Եվ, ըստ նրա՝ ի գիտություն ընդունելով այն պահանջարկը, որը կա Եվրոպայում, այս ամենի ֆոնին Թուրքիան փորձում է դիրքավորվել՝ որպես կարևոր նշանակության տարանցիկ էներգետիկ երկիր ԵՄ-ի համար, որը մեծ շահույթների աղբյուր կարող է դառնալ:
Թուրք վերլուծաբանը մատնանշեց նաև այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանից զեղչված է գազ ստանալու: Ըստ Աքթարի՝ Ռուսաստանի համար այս ծրագիրը կարևոր է նրանով, որ ժամանակի ընթացքում զրոյացնելու է իր կախվածությունն այս հարցում Ուկրաինայից, քանի որ ներկայումս օգտվում է Տրանսբալկանյան գազատարից, որը ներառում է ուկրաինական տարածքը:
Նրա խոսքով, թվում էր՝ ԵՄ-ն ամենևին չի ողջունելու այս պրոյեկտը, բայց վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները ստիպեցին Բրյուսելին փոխել մոտեցումը նաև այս հարցում:
«Բնականաբար, բացի էներգետիկ նշանակությունից, այս ծրագիրն ունի քաղաքական, աշխարհաքաղաքական մեծ նշանակություն՝ ինչպես գործարկող երկրների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի, այնպես էլ՝ Եվրոպայի և հարևան տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար: Ռուս-թուրքական մեծ ու փոքր տարաձայնություններ այսօր էլ կան առավելապես Սիրիայում, Լիբանանում, բայց այս ծրագիրը կստիպի ավելի զգույշ լինել սուր իրավիճակներում: Կարծում եմ, այնուամենայնիվ, երկու երկրների իշխանությունների միջև նոր որակի փոխըմբռնում կլինի: Նկատի ունենալով այն, որ Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ, ռուս-թուրքական համատեղ ծրագրերը, մերձեցումը և նոր որակի հարաբերությունները պետք է լինեն Հայաստանի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ շահերը և Ղարաբաղյան հակամարտությունը: Հայաստանը նաև ռուսական գազի գնորդ է, սա ևս ստիպում է հետևել Ռուսաստանի վարած էներգետիկ քաղաքականությանը ու հոսքային նոր ուղղություններին, որոնք Հայաստանին թույլ կտան է՛լ ավելի հեշտորեն գազային այլընտրանքներ գտնել: Սա Ռուսաստանին թույլ կտա գազի գնի հարցում ավելի ճկուն քաղաքականություն վարել այն երկրների հետ, որոնք դրա կարիքն ունեն, այդ թվում՝ Հայաստանի և Բելառուսի հետ»,- ասաց Աքթարը:
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ռուս-թուրքական գազային այս դիվանագիտությունը փոխում է էներգետիկ կառուցվածքն այս տարածաշրջանում: «Սա հեռանկարային ծրագիր է կողմերի ու եվրոպական երկրների համար: Դեպի սա կողմերը երկար են ընթացել, քաղաքական մի շարք բարդ փուլեր են հաղթահարել, բայց սա պատմական նշանակություն ունեցող նախագիծ է, ինչպես իրենք՝ նախագահները, բնութագրեցին օրերս: Դժվար է խոսել այն ազդեցության մասին, որը կարող է այս նախագիծն ունենալ Հայաստանի էներգետիկ համակարգի և արտաքին քաղաքականության համար: Կարծում եմ՝ էներգետիկ էֆեկտն անուղղակի է լինելու, իսկ քաղաքականը՝ ուղիղ, քանի որ, եթե Ռուսաստանն ունի սերտ հարաբերություններ Թուրքիայի հետ, ապա դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի համար՝ և՛ հայ-թուրքական, և՛ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղություններով»,- նկատեց Լուկիանովը: