«Թուրքական հոսքը» չի անդրադառնա այն գնային քաղաքականության վրա, որը «Գազպրոմը» վարում է այլ ուղղություններով. Սիմոնով

««Թուրքական հոսք» պրոյեկտով Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով օրերս գործարկված «Թուրքական հոսքի» քաղաքական և էներգետիկ նշանակությանը:

Սիմոնովի խոսքով՝ «Թուրքական հոսքը» եվրոպական շուկայում ռուսական դիրքերի ամրապնդմանն ուղղված գազային պրոյեկտ է, այսինքն՝ առաջնահերթ է դրա էներգետիկ, տնտեսական նշակությունը:

«Ռուսաստանն այս պրոյեկտի միջոցով մի շարք խնդիրներ է լուծում, որոնցից գլխավորն Ուկրաինայից Ռուսաստանի կախվածության շեշտակի նվազեցումն է, և այս պրոյեկտի միջոցով Ուկրաինան կզրկվի ռուսական գազի հիմնական տարանցիկ երկրի դերից: Այսինքն՝ առաջին անգամ մենք կարողացանք դիվերսիֆիկացնել մի շարք երկրների համար գազային մատակարարումները, որոնք կախված էին միմիայն Ուկրաինայից: Այսինքն՝ գնորդները ռուսական գազը կստանան առանց միջնորդների, որոնք վերջին տարիների ընթացքում խոչընդոտում էին բնականոն աշխատանքը: Այսինքն՝ սա շատ ավելի ժամանակակից, պարզ, հասկանալի, հուսալի տարբերակ է, որը լրջորեն կփոխի էներգետիկ համակարգը: Սա թույլ կտա նաև Ուկրաինայի հետ ևս ավելի հեշտորեն բանակցել ինչ-ինչ հարցերի շուրջ՝ մեղմելով կոշտ հռետորաբանությունը: Բայց սա տնտեսական պրոյեկտ է, որը մեր մատակարարումը Հարավային և Հարավարևելյան Եվրոպա ավելի հուսալի, հարմար է դարձնում, և դրա առաջին արդյունքներն արդեն  մենք արձանագրել ենք, ներկայումս մատակարարման ուղղությունը փոփոխման փուլում է, սակայն ողջ արդյունքն այս պրոյեկտի հնարավոր կլինի գնահատել, երբ խողովակաշարերի բոլոր հատվածները շահագործվեն, և կես տարի անց ավելի առարկայական կլինեն մեր խոսակցությունները, այսինքն՝ որքան նախատեսվում է, այս տարի չի հասնի սպառողներին, քանի որ բուլղարական հատվածը պատրաստ չէ»,- պարզաբանեց Սիմոնովը:

Նա նշեց, որ Ռուսաստանը չափազանց մեծ ներդրում է կատարել այս ծրագրի վրա, որը կազմում է 7 միլիարդ դոլար, և դեռ պետք է շարունակի անել նման ներդրումներ, որպեսզի ծրագիրն ավարտուն տեսքի հասնի: «Ներկայումս շատ է քննարկվում, թե ինչպես և ինչ ժամկետներում Ռուսաստանը կկարողանա վերադարձնել այդ գումարները: Շատ մասնագետների կարծիքով՝ օգուտներ չեն լինելու կամ կարող են լինել միայն մի քանի տասնյակ տարի անց: Բայց ես կարծում եմ, որ ներկայիս գնային քաղաքականության պահպանման դեպքում կպահանջվի 10 տարի: Հաշվի առնենք նաև, որ հիմա գները ցածր են և կարող են աճել ժամանակի ընթացքում, ինչպես նաև նշանակություն կարող են ունենալ քաղաքական ռիսկերը, որոնք կառաջանան: Այսինքն՝ այս երկար մշակված ծրագրի մեկնարկը տրվեց, այն հավակնոտ է, բայց ընթացքը ևս կարևոր է լինելու՝ հասկանալու համար, թե որքանով էր արդարացված նման ծրագիր սկսելը»,- ասաց Սիմոնովը:

Նրա խոսքով՝ այս փուլում այս ծրագիրը չի կարող որևէ կերպ անդրադառնալ այն գնային քաղաքականության վրա, որը «Գազպրոմը» վարում է այլ ուղղություններով, քանի որ, ըստ նրա՝ ռուսական կողմը դեռ շարունակելու է ներդրումներ կատարել, հետևել, թե որքանով է պրոյեկտն իսկապես արդարացնում այն ծախսերը, որոնք իրականացվել են:

«Սա մեկնարկող ծրագիր է, դեռ մյուս ճյուղը պետք է շահագործման հանձնվի, այլ ներդրումներ ևս արվեն, որոնք արդեն արվածից պակաս չեն լինելու, հատկապես, երբ միտումն աշխարհում գնաճի ուղղությամբ է, և ոչ՝ գնանկման: Բայց իր դաշնակիցների համար զեղչեր Ռուսաստանը միշտ է արել, միշտ է լսել ցանկությունները և փորձել է համաձայնեցված լուծման հանգել: Դա Ռուսաստանը կանի նաև ապագայում, սակայն այս ծրագրի հետ դա կապ չունի դեռ, այն դեռ պետք է կայանա և դառնա այն ծրագիրը, որը պլանավորվել էր»,- ասաց նա:

Խոսելով հայ-ռուսական գազային բանակցություններից՝ Սիմոնովն ասաց, թե դժվար է կանխատեսել՝ դրանք ինչպես կավարտվեն: «Այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ կլինի փոխընդունելի լուծում»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս