Բաժիններ՝

ԱՄՆ-ում հանձնել են «Քննադատների ընտրությունը» պարգևները

Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին ասված է այդ պարգեւի Twitter-ում: Թվով 25-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սանտա Մոնիկա (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքում։

Կինոնկարը պատմում է 1960-ական թվականների Հոլիվուդի եւ դերասան Ռիք Դալթոնի ու նրա կրկնորդ Քլիֆ Բութի մասին: Գլխավոր դերակատարներն են՝ Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին, Էմիլ Հիրշը եւ Մարգարետ Քուելլին: Մրցանակին հավակնող ֆիլմերի ցուցակում էին նաեւ «Իռլանդացին», «1917», «Պարազիտները», «Ամուսնական պատմություն», «Ջոջո ճագարը», «Ջոքեր» եւ «Փոքրիկ կանայք» ժապավենները: Լավագույն ռեժիսուրայի համար «Քննադատների ընտրությունը» պարգեւն ստացել են բրիտանացի Սեմ Մենդեսը, որը նկարահանել է «1917» ֆիլմը, ինչպես նաեւ հարավկորեացի Պոն Չժուն Հոն՝ «Պարազիտներ» կինոնկարի վրա կատարած աշխատանքի համար: Նրանց մրցակիցների թվում էին Տարանտինոն, Մարտին Սքորսեզեն (Իռլանդացին»), Նոա Բաումբաքը («Ամուսնական պատմություն»), Գրետա Գերվիգը («Փոքրիկ կանայք»): «Քննադատների ընտրությունը» մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում աշխատող Կինոքննադատների ասոցիացիայի կողմից: Այդ պրոֆեսիոնալ միավորումը բաղկացած է ավելի քան 250 մարդուց: Այն համարվում է այդօրինակ խոշորագույն կազմակերպությունը Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս