Աշխատանքային օրենսգրքի խախտմամբ ծննդատների փակումն անձնական շահ է հետապնդում. Նունե Ներսիսյան

Մարզային 9 առողջության կենտրոններ 2020թ. հունվարի 1-ից զրկվել են  պետպատվերով ծննդօգնության ծառայություններ մատուցելու հնարավորությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սա մեկնաբանեց, որ արդյունավետ աշխատանքի համար բուժհաստատությունը տարեկան ամենաքիչը 150 ծնունդ պետք է ունենա, իսկ Մարալիկի ծննդատունն այդքան չի ունենում: Բժիշկ, «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ հիվանդանոցի աշխատակիցներն անգամ տեղյակ չեն եղել, որ ծննդատները փակվում են:

«Աչաջուրի, Մարալիկի և մնացած հիմնարկների աշխատակիցներին գրավոր կամ թեկուզ բանավոր չեն տեղեկացրել, որ չեն աշխատելու բուժհիմնարկները: Կոնկրետ Աչաջրից ինձ տեղեկացրին, որ իրենք եթերով են լսել նախարարից և փոխնախարարից, որ իրենց բուժհիմնարկը այլևս չի ֆինանսավորվելու: Սա անգամ Աշխատանքային օրենսգրքի խախտում է, աշխատողին 2 ամիս  շուտ պետք է զգուշացնել:

Ասում են՝ որակ չկա, ասում են՝ Մարալիկում բժիշկ չկա: Անմիջապես աղմուկից հետո Վահագն Մադոյանը ցանկություն հայտնեց գալու և Մարալիկում աշխատելու, դիմել էր, ասել էին՝ եթե չփակվի՝ կտեսնենք, իսկ Աչաջուրում կա բժիշկ, նեոնատոլոգ: Իսկ եթե չկա բժիշկ, Բժշկական համալսարանը ամեն տարի բազմաթիվ

կլինիկական օրդինատորներ է տալիս, ուղղորդեք մարզեր»,- ասաց Նունե Ներսիսյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծրագիրն ինքն է կազմել, և մանրամասնել, թե ինչո՞ւ չեն ֆինանսավորվելու 9 բուժհիմնարկների ծննդօգնության ծառայությունները: Նա նշել էր, որ, օրինակ, Աչաջուրում 2019-ի ընթացքում ընդամենը 75 ծնունդ են ընդունել, իսկ այն, որ մարզային ծննդատները մահեր չեն գրանցում, պատճառ չէ դրանք չփակելու, քանի որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը: Նունե Ներսիսյանը պնդում է՝ 5500 բնակիչ ունեցող Աչաջուրի համար անգամ այդքան ծնունդը լավ ցուցանիշ է, բժշկին մեկ այլ բան է զարմացնում.

«Երեկ պարզ դարձավ, որ այն բոլոր ինը բուժհիմնարկները, որտեղ ծննդաբերական բաժանմունքները փակվում են, փոխարենը՝ բավականին մեծ ծավալով  ստանալու են դժվարամատչելի հետազոտությունների համար ֆինանսավորում։ Կոնկրետ Մասիսի ծննդաբերական բաժանմունքին գործակալությունից ուղարկված ֆինանսավորումը 0 է եղել, իսկ հիմա բժշկական կենտրոնին 80 մլն դրամ տրամադրելը՝ որպես դժվարամատչելի հետազոտությունների ֆինանսավորում, ինձ համար առեղծված է։ Դրա բացատրությունն այն է, որ դժվարամատչելի հետազոտության մեջ մտնում է ՄՌՏ-ն, իսկ դրա համար ուղղորդում են ՄԻՊՍ, որի ղեկավարը Արսեն Թորոսյանի կինն է»:

«Ծննդատների փակումն անձնական շահ է հետապնդում»,- վստահեցնում է Նունե Ներսիսյանը, հակառակ պարագայում ինքը չի պատկերացնում, թե ինչո՞ւ պետք է մեր երկրում ծննդատներ փակվեին.

«Պատերազմող երկրներում անգամ դպրոցներ չեն փակվում, պետական կառույցներ չեն փակվում, ուր մնաց՝ հիվանդանոցներ: Երևի ուզում են այլ ուղղությամբ ուղղել ֆինանսական միջոցները»:

Թեման Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկելու համար բժշկին օրեր առաջ հրավիրել էին մամուլի ասուլիսի, սակայն մի քանի ժամ առաջ զանգել և զգուշացրել էին, որ քննարկումը չի կայանալու: Այն, ամեն դեպքում, կայացել էր, իսկ Նունե Ներսիսյանին ասել էին, որ մեկ այլ օր կկանչեն քննարկման: Բժիշկն այլևս չի պատրաստվում գնալ այդ ակումբ, հրավեր էլ դեռ չի ստացել:  Նունե Ներսիսյանին զայրացրել էին այդ ասուլիսի ընթացքում հնչած մի շարք տեսակետները:

«Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտարարում է՝ մահը ցուցանիշ չէ, ի՞նչ իրավունքով է նա նման բան հայտարարում, Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ասում է, որ այնտեղ բաժանմունք չկա, կան ծննդաբերական մահճակալներ։ Եթե այդպես է, ինքը բազմաթիվ տարիներ ոլորտի պատասխանատու է եղել, ի՞նչ հիմքով են այդ ծննդաբերական մահճակալները ֆինանսավորվել»,- ասաց Նունե Ներսիսյանը։

Բժշկին մտահոգում է այն փաստը, որ անգամ շտապ օգնությունների արագ արձագանքման դեպքում հնարավոր են մոր և մանկան մահեր, որովհետև ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունները հաճախ շատ հեռու են մարզի այս կամ այն կետից:

Տեսանյութեր

Լրահոս