Փաշինյանն Ամանորին բուռն օրակարգ է ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ արեց բոլորին՝ տոներին հրաժարվել ավանդական բլինչիկից ու ճոխ կերակուրներից, մինչդեռ ինքն անձամբ դժվարացավ կառավարել իր ախորժակն ու օգտվեց բոլոր բարիքներից՝ բդից մինչև բլինչիկ։
Մինչ վարչապետի ամանորյա օրակարգին անցնելը՝ հիշեցնենք, թե ինչպես էր հենց տարեմուտի գիշերը նա իր ընտանիքով Հանրապետության հրապարակից անմիջապես ճողոպրել բարձրակարգ ռեստորան։
Հիշեցնենք, բդից ու «ստալիչնիից» հրաժարվելու վարչապետի կոչին հավատացողները հեռախոսներով նկարել էին, թե ինչպես է նա Հանրապետության հրապարակում Նոր տարին վեհաշուք արարողակարգով դիմավորելուց հետո փախչում մոտակա ռեստորան, որպեսզի տարեմուտը նշի իր աթոռին վայել ծանրացած սեղանի շուրջ՝ ընտանիքի ու սիրելի աներորդու՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։
Պետք է նկատել, որ Փաշինյանն այդ ռեստորանային վայելքի լուսանկարներից այդպես էլ չհրապարակեց, այդ մասին որևէ գրառում չկատարեց ֆեյսբուքյան իր էջում։
Իսկ հրաժարվե՞լ էր վարչապետը համեմունքներով ապխտած բդից, հնդուհավից ու «ստալիչնիից»՝ հարցադրումով դիմեցինք նրա թիմակիցներին։
Պատասխանը խուսափողական էր։ Վարչապետի ամանորյա օրակարգից տեղեկացանք, որ Հանրապետության հրապարակից հետո նա հենց նույն օրը տեղափոխվել է հայրական տուն՝ Իջևան, որտեղ վարչապետ դարձած որդուն հարգել-պատվել են ըստ արժանվույն: Ճոխ սեղանների շուրջ Փաշինյանը, բնականաբար, բաժակ է խփել նաև քավորի ընտանիքի հետ։
Հիշեցնենք, որ պատանեկան տարիներից մտերիմ ընկեր համարվող Հայկ Ղալումյանին ընտանիքի քավորը դարձնելուց զատ, նրա եղբորը՝ Վահե Ղալումյանին, Նիկոլ Փաշինյանը պատգամավորական մանդատ ընծայեց։ Իսկ աշնանը քավոր Հայկ Ղալումյանը դարձավ Իջևանի քաղաքապետի ժ/պ՝ պաշտոնում հաստատվելու հեռանկարով։
Մեզ հասած տեղեկություններով՝ Ամանորի տոնական օրերին վարչապետը թեև Ֆեյսբուքում ակտիվ գրառումներ էր կատարում, սակայն ամբողջությամբ խզել էր կապը թիմակիցների հետ։
Միայն հունվարի 3-ին, երբ նա ընտանիքով Իջևանից տեղափոխվել է Սևանի առանձնատուն։ Նախարարներից միայն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հակոբ Արշակյանն են այցելել իրեն, իսկ պատգամավորներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը։
Ի դեպ, տոնական հանդիպումը վարչապետի հետ հարազատ թիմակիցները նշել են բավականին համեստ սեղանի շուրջ, ըստ որում՝ առանց բլինչիկի։ Երկրի ղեկավարին հատկացված Սևանի առանձնատանը վարչապետը մեկ ու կես օր է հանգստացել, այստեղից նա հերթական կոշտ ոճով սաստեց «տնայնագործ գեոպոլիտիկներին», թե՝ «տեղներդ նստեք» և Իրանի ռազմական գործչի սպանությունից հետո Հայաստանում խուճապ մի տարածեք, հետո գործի դրեց ԱԱԾ-ին ու վերադարձավ Երևան։
Հաջորդ առավոտյան նա հայտարարեց, թե լեռնագնացների հետ Արտանիշ սարի գագաթն են նվաճում, ու նվաճեց։
Մայր Աթոռում ճրագալույցի գիշերը Սուրբ Ծննդի տոնին վարչապետը հասցրեց լուսանկարվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, պալատական ընտանիքը տոները եզրափակեց թատրոնում։
Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից Ֆեյսբուքով ուղիղ եթեր մտավ՝ ցույց տալու, որ ընտանիքով գնացել են «Ալադինը» դիտելու։
Սյուզի Բադոյան