Ամանորի օրերին քաղաքացին կանչ է գրանցել` ինքնազգացողության վատացման համար, սակայն խնդրել է օգնություն ցուցաբերել կատվին. Թագուհի Ստեփանյան
Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության» ծառայությունը ամանորյա տոնական օրերին սպասարկել է 384-ով ավելի շատ կանչեր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Ընդ որում, թունավորման դեպքերով կանչերի դեպքերը քիչ են եղել: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Տոնական օրերին` դեկտեմբերից 30-ից մինչև հունվարի 7-ը, «Շտապ օգնությունը» կատարել է 8 հազար 146 կանչ, որը 384 կանչով ավելի է, քան անցյալ տարվա կանչերը: Հիվանդանոց է տեղափոխվել է 1 657 հիվանդ, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 350-ով: Մանկական կանչերի թիվը տոնական օրերին 798 է եղել` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 134-ով ավելի: Եվ հիվանդանոց է տեղափոխվել է 276 երեխա, որը 23-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց` հունվարի 6-ին գրանցվել է կանչերի ամենամեծ թիվը` 976, հիվանդանոց են տեղափոխվել 220-ը:
«Շտապ օգնությունը» կենցաղային պայթուցիկների օգտագործումից վնասման 9 դեպքով կանչ է ստացել, որից 2-ը եղել են երեխաներ, 7-ը` մեծահասակ: Հիվանդանոց է տեղափոխվել միայն 3 մարդ, որոնցից մեկը՝ երեխա:
Անդրադառնալով թունավորման դեպքերին` նա նշեց, որ ոգելից խմիչքից ինքնազգացողության վատացման համար ունեցել են 81 կանչ, որից 34-ը տեղափոխվել են հիվանդանոց: Սննդային թունավորմամբ 2 անձի տեղափոխել են հիվանդանոց` հետազոտման:
Անդրադառնալով կանչերի թվի ավելացման պատճառներին` Ստեփանյանը նշեց, թե միտումն այնպիսին է, որ կանչերի թիվն ամեն տարի ավելանում է: Նրա կարծիքով` միգուցե պատճառներից մեկն էլ վստահությունն է, մարդիկ ուզում են ծանոթանալ նոր կադրային քաղաքականությանը, նոր սարքավորումներին: Տոնական օրերին թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել: Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերն անցյալ տարվա համեմատ 213 դեպքով նվազել են: Մարդիկ ուղղակի վատ են զգացել և զանգահարել են «Շտապ օգնություն»` անկախ նրանից, որ պոլիկլինիկաները հերթապահել են, աշխատել են այդ օրերին»,-ասաց Ստեփանյանը:
Անհիմն կանչերի պակաս ևս չի եղել: Ստեփանյանի խոսքով` անգամ դեպք է եղել, որ քաղաքացին կանչ է գրանցել` ինքնազգացողության վատացման համար, սակայն խնդրել է օգնություն ցուցաբերել կատվին: