Ինչի կհանգեցնի իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանությունը տարածաշրջանում, ի՞նչ վտանգներ են հնարավոր Հայաստանի համար. կարծիք Իրանից
«Իրանը չի շտապի պատասխանել Միացյալ Նահանգներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Քասեմ Սուլեյմանիի սպանությանն ու ԻԻՀ-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային իրադրությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել էր Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:
62-ամյա բարձրաստիճան զինվորականը համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, ով առաջ էր տանում Իրանի շահերը Մերձավոր Արևելքում: Արևմտյան լրատվամիջոցները հաճախ նշում էին, որ հենց նա է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել սիրիական ներքաղաքական պատերազմին, ինչն ամբողջովին փոխեց ուժերի դասավորությունը տարածաշրջանում: Իրանի մի շարք հեղինակավոր գործիչներ խոստացել են ԱՄՆ-ին «դաժան» պատասխան այս սպանության համար:
Մովսես Քեշիշյանը նախ փորձեց բացատրել, թե ինչու ԱՄՆ-ը նման աննախադեպ քայլի գնաց: Նա համաձայն է շրջանառվող մի քանի վարկածների հետ: Ըստ նրա՝ առաջին պատճառն այն էր, որ ԱՄՆ-ին անհանգստացնում է Բաղդադում իրանական ազդեցության ընդլայնումը, երկրորդը՝ ԱՄՆ-ը ցանկացավ այս քայլով խթանել ԻԻՀ-ի հետ բանակցությունները, երրորդ պատճառը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս քայլով փորձեց ընտրություններին ընդառաջ տրամադրություններ մոբիլիզացնել՝ ի օգուտ իր թեկնածության:
«Վերջին հաշվով, իրանական կողմը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ նստել սեղանի շուրջ միայն ամերիկյան շահերի տիրույթում, իրանական կողմն արդեն նստել էր միջուկային հարցի շրջանակում, այդ հարցը հաջողությամբ առաջ էր ընթանում, և ամերիկյան կողմն էր, որ հրաժարվեց և դուրս եկավ այդ հարցից: Իրանական կողմը դեռ շարունակում է մնալ այդ համաձայնագրում, թեև կան խոսակցություններ, որ Իրանը դուրս է գալու, բայց դրանք դեռ խոսակցություններ են: Թրամփը ներքին խնդիրներ էր լուծում, ամեն մեկի մեջ մի փոքր ճշմարտություն կա, բայց ամբողջությամբ մեկի վրա հենվել էլ չի կարելի»,- ասաց Քեշիշյանը:
«Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն ասաց, որ բոլորի ցանկությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն ու պահպանումն է, և նույն ոգով առաջնորդվում է նաև իրանական կողմը:
«Սակայն այն, ինչ պատահեց, սովորական չափանիշերից դուրս քայլ էր ԱՄՆ-ի կողմից, ինչին իրանական կողմն անտարբեր չի կարող անցնել, և հայտարարությունները, որոնք Իրանից հնչում են, տեղավորվում են այդ նույն սահմանումների շրջանակում: Չեմ կարող ասել, թե ինչպես առաջ կգնան զարգացումները, այնուամենայնիվ, երկիրն ամբողջովին այս հարցից ազդված ու լարված է, այսինքն՝ գեներալի հուղարկավորությանը մասնակցության մարդաշատությունը ցույց տվեց, թե ինչպիսի վերաբերմունք ունի Իրանի ժողովուրդն այդ հարցի նկատմամբ: Իրանի Խորհրդարանն էլ պահանջում է ավելի խիստ վերաբերվել և անպայմանորեն վրեժխնդիր լինել, բայց հույս ունեմ, որ Իրանի ղեկավարությունը կհանգի տրամաբանական եզրահանգման, այնպիսի ընթացքի կտանի հարցը, որպեսզի այն օգնի տարածաշրջանի ու Իրանի, աշխարհի կայունությանն ու անվտանգությանը: ԱՄՆ նախագահը հայտարարություններ է արել, որ թիրախավորելու է իրանական մշակութային և այլ կենտրոններ, բայց թվում է, որ կողմերն այդքան էլ հակված չեն գնալ սրման, ինչը նշանակում է, որ հարցը չի հասնելու պատերազմական իրավիճակի:
Գոնե այդպես է թվում: Համենայնդեպս, տեղի ունեցածը մտահոգիչ է, դա ազդել է ոչ միայն Իրանի, այլև ընդհանուր տարածաշրջանի վրա, և դա կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր հայերի, հայ համայնքների համար, որը ցանկալի չէ:
Երրորդ երկրներ կան, որոնք փորձում են օգտվել իրավիճակից, արդարացնել իրենց ծավալապաշտական քաղաքականությունը, իրենց ներկայությունը Լիբանանում, խոսքը Թուրքիայի մասին է, փորձում են արդարացնել իրենց ներկայությունը Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Էրդողանը խոսեց այն մասին, որ Իրանը իրավունք ունի հարվածել, և Թուրքիան իրանական հարվածի կողմնակից է: Մինչ մյուս երրորդ կողմերը խաղաղության կոչերով են հանդես գալիս, Թուրքիան պատերազմ է ցանկանում:
Իհարկե, Իրանը դրանով չի առաջնորդվելու, բայց այնուամենայնիվ, դա ցույց է տալիս Թուրքիայի ցանկությունը: Եթե իրավիճակը թեժանա, կողմերն անզուսպ գտնվեն, պատերազմական իրավիճակ կարող է ստեղծվել, որը միայն Իրանի ներսում չի սահմանափակվելու, քանի որ Իրանն այնպիսի փոքր պետություն չէ, որը հնարավոր է փակել, ու խնդիրն այնտեղ խեղդել: Իրանն ահռելի մեծ պետություն է՝ 1.600 հազար քառակուսի կմ տարածքով, մեծ ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև իսլամական երկրներում, ցանկացած փոփոխություն Իրանում ազդելու է ողջ տարածաշրջանի, ամբողջ Ասիայի, Աֆղանստանի, նույնիսկ Աֆրիկայի հյուսիսային շրջանների, Եգիպտոս հասնող շրջանների վրա: Այս ամենը մեծ վտանգներ կարող է բերել նաև Հայաստանին, այդ անկայունությունը վտանգավոր կարող է լինել սահմանային առումով՝ ժողովրդի հոսք, հազար ու մի տեսակ զարգացումներ կարելի է սպասել, բայց ես նման բան չեմ կանխատեսում:
Ինձ թվում է, որ իշխանավորները խելացի կգտնվեն և հարցին կմոտենան շատ ինքնազսպվածությամբ: Ինձ չի թվում նաև, որ պատերազմի սցենարը գրավում է ամերիկացիներին, քանի որ պարզապես մեկ քայլ անելը հեշտ է, իսկ հետագա զարգացուները ու սրումը կառավարելը՝ անհնար: Համաշխարհային պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են: Ես նույնիսկ Իրան-ԱՄՆ պատերազմի հավանականությունն եմ շատ ցածր համարում»,- մեկնաբանեց Մովսես Քեշիշյանը:
Խոսելով Հայաստանի դիրքավորումից և ԱՄՆ նախագահին ու ԻԻՀ նախագահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղած կոչից՝ Քեշիշյանն ասաց, որ դա տրամաբանական մոտեցում էր:
«Բոլորի ցանկությունն է, որպեսզի խաղաղություն լինի տարածաշրջանում, և ՀՀ ղեկավարության դիրքորոշումը բնական և ընդունելի է ինձ համար: Այդպիսի մոտեցում են դրսևորել նաև հարևան երկրները, և դրական է դա: Իրանը Հայաստանին դիտարկում է՝ որպես բարեկամ երկիր, և մոտեցումն էլ լավ է, Հայաստանն այլ ելք չունի՝ ոչ կարող է գնալ թշնամության Իրանի, ոչ էլ՝ ԱՄՆ-ի հետ: Իրանի հետ դարերի խորքից եկած բարեկամություն կա, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ քաղաքական կարևոր հարաբերություններ, երկու ուղղություններն էլ պահպանելը պետք է հանուն խաղաղության, խաղաղություն հենց Իրանին է պետք»,- ասաց Քեշիշյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ Քեշիշյանն ասաց, որ Իրանը չի շտապի պատասխանել ԱՄՆ-ին: «Նման հարցերում պոռթկումները տեղին չեն, պետք է տրամաբանական և մտածված պատասխան լինի»,- ասաց Քեշիշյանը: