ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է սահմանապահ զորքեր
Դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմին, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Է. Մարտիրոսյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով սահմանապահ զորքերի անձնակազմին, բարեմաղթանքներ է հղել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին: Նա գոհունակություն է հայտնել սահմանապահ զորքերի ղեկավարությանը, անձնակազմին ընթացիկ տարում կատարված աշխատանքների համար՝ նշելով, որ առաջիկայում սահմանապահ զորքերը կհամալրվեն անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներով, ինչն էլ ավելի կնպաստի ծառայության որակի բարձրացմանը Հայրենիքի սահմանների պահպանության կարևոր գործում:
Է. Մարտիրոսյանը կարևորել է ՍԶ զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը՝ նշելով, որ արդեն իսկ լուծվել է ՀՀ սահմանային անցակետերի անձնակազմի՝ սահմանային ծառայության զինծառայողին համապատասխան դրույքաչափի հավելավճարի հարցը:
Իր խոսքում Է. Մարտիրոսյանը նշել նաև, որ 2020 թ. հունվարին կավարատվեն Դեբեդավանի սահմանապահ ուղեկալի նոր շենքի կառուցման աշխատանքները, և մոտ ապագայում կմեկնարկեն նաև սահմանապահ մյուս ուղեկալների շենք-շինությունների վերանորոգման և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքները:
Սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել ցուցադրական վարժանք, որի ընթացքում ծառայողական շները ցուցադրել են իրենց հմտությունները պայթուցիկ նյութերի հայտնաբերման գործողություններում: