Չինաստանն արձակել է իր խոշորագույն կրող հրթիռը՝ «Չանչժեն-5»-ը
Չինաստանի հարավի Հայնանի նահանգում գտնվող Վենչանի տիեզերական արձակումների կենտրոնը դեկտեմբերի 27-ին արձակել է իր խոշորագույն կրող հրթիռը՝ «Չանչժեն-5»-ը, որն ապագայում պլանավորվում է օգտագործել չինական լուսնային-մարսյան ծրագրի համար: Իրադարձության վայրից հեռարձակում է իրականացրել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հրթիռը մեկնարկել է տեղական ժամանակով 20:46-ին (Երեւանի ժամանակով 16:46-ին)՝ կրելով «Շիցզյան-20» արբանյակը: Այն աշխատելու է գեոստացիոնար անցումային ուղեծրում: Ինչպես պնդում են տեղի մասնագետները, տիեզերական այս ապարատը «լիովին կբավարարի հեռահաղորդակցությունների ժամանակակից ոլորտի զարգացման պահանջմունքները առաջիկա 5-15 տարում»:
«Չանչժեն-5»-ի բարձրությունը հասնում է 57 մետրի, տրամագիծը 5 մետր է: Դրա առաջին հաջող արձակումն իրականացվել է 2016 թվականի նոյեմբերին, երբ Պեկինը տիեզերք ուղարկեց «Շիցզյան-17» արբանյակը: Երկրորդ անգամ հրթիռն օգտագործել են 2017 թվականի հուլիսի 2-ին «Շիցզյան-18» տիեզերական ապարատի համար, սակայն անսարքության պատճառով այն այդպես էլ դուրս չեկավ ուղեծիր:
Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ Լուսնի յուրացման տեխնոլոգիաներ: Բացի այդ, չինացի գիտնականներն իրականացնում են աստերոդիների եւ Մարսի հետազոտման նախագիծ, որի մակերեւույթի ինտենսիվ ուսումնասիրմանը նրանք պատրաստվում են ձեռնամուխ լինել 2020-2025 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: