Բաժիններ՝

Օրենսդրական և ճանապարհային երթևեկության նշանների շիլաշփոթ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 9-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ մի շարք առաջարկներ արել են, որոնք չեն ներառվել նախագծում, սակայն պետական տուրքի մասինօրենքն էլ հետն ընդունել են։ Ուստի, «Վարորդի ընկեր» հ/կ-ն դիմել է ՀՀ նախագահին, որ վերջինը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան, որպեսզիպարզեն՝ընդունված օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ:

«Դատարան դիմելու համար ֆիզիկական անձանց նկատմամբ պետական տուրք սահմանեցին: Օրենսդիր և գործադիր մարմինը հաշվի չի առել Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ պետական տուրքի արտոնության կիրառումը նպատակահարմար չէ: Դրա համար մենք դիմել ենք ՀՀ նախագահին, որ այդ փաթեթը չստորագրի և ուղարկի ՍԴ: Այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար Առաջին ատյանի դատարանին պետք է վճարեն 4000 դրամ պետական տուրք, ու եթեարդյունքի չհասնեն՝ մյուս երկու ատյաններում վիճարկելու համար, համապատասխանաբար՝ 10.000 և 20.000 դրամ են վճարելու»,- նշել էր Քեյանը։

Վերոնշյալ մտահոգությունները հաշվի առնելով՝ ԱԺ-ում դեկտեմբերի 23-ին քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը հարց բարձրացրեց․

«1.5 մլն ակտից բողոքարկվում է 1 տոկոսը, այն էլ՝փաստաբանների միջոցով, այսինքն` որոշակի ուղղորդում կամ հավաքագրում ունեն, որ ասում են` գնա այսինչի մոտ, բողոքարկի: Պետությունն ընտրության հնարավորությունից զրկում է, թե որ վարչական մարմինն ընտրենք բողոքարկման համար, արդյոք պետությունը պատրաստվո՞ւմ է նույն սկզբունքով վերաբերվել բողոքարկման պրոցեսին, այսինքն` եթե ես ուզում եմ ներկայացուցչով գնալ Ճանապարհային ոստիկանություն, քանի որ նույն տուգանքը կարող է բողոքարկել ու ստանալ մի դեպքում՝ մերժում, մյուսով` դրական պատասխան, կախված է գրագետ լինելուց: Հիմա, եթե ներկայացուցչով գնաս Ճանապարհային ոստիկանություն (ՃՈ)` բողոքարկելու, պայմանագիր կնքես, ներկայացուցչին գումար վճարես, արդյոք պետությունը պարտավորվո՞ւմ է վերադասով կատարված բողոքարկումները հատուցել»:

ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանն էլ պատասխանեց․ «Որևէ խնդիր չեմ տեսնում ներկայացուցչով վերադասության կարգով գործի քննությանը, կարգավորումները հստակ տրված են 92 հոդվածից 107 հոդվածով` ոչ իրավաչափ վարչարարության և ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում»:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բալային համակարգի վերաբերյալ քննարկում էր, կոնկրետ ոչինչ չորոշվեց, ոչ մի հարց չլուծվեց, և պայմանավորվածություն ձեռք չբերեցին։

«Իրականում կարգապահ վարորդը մտածելու բան չունի՝ ի տարբերություն հաճախակի խախտում անողների, ովքեր երթևեկության մեջ վտանգավոր են։ Իսկ տարվա մեջ 1-2 խախտող անողներն էլ եթե դիմում են վերադաս մարմին ու տեսնում են, որ վարորդն իսկապես մեղավոր չէ, իրենից անկախ՝ խախտում է կատարել, ոչ թե դիտավորյալ,Ճանապարհային ոստիկանությունը բեկանում է։ Ամեն դեպքում մարդիկ աշխատելու տեղ ունեն, որ գործը չհասնի դատարան։ Այս մի փաստն ԱԺ-ում քննարկման ժամանակ արձանագրվեց»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը։

Վարորդների շահերը ներկայացնողները հայտարարեցին նաև իրազեկվածության պակասի մասին: Փաստաբան Մհեր Հակոբյանի պնդմամբ՝ Ճանապարհային ոստիկանությունը նշան էփոխում և չի իրազեկում:

«Ճանապարհային ոստիկանությունը, ճիշտն ասած, ցանկացած փոփոխության մասին տեղեկացնում է, իսկ եթե մարդը չի հետևում դրան, արդեն իր խնդիրն է։ Այսօր հասարակ նշաններ կան, 10-20 տարի մեքենա վարողները գաղափար չունեն։Չեմ ասում, թե վարորդի վկայականը գնել են, միգուցե քննություն են հանձնել, բայց այն, որ իրականում նշանները չեն տարբերում, դա արդեն լուրջ խնդիր է։ Սա նշանակում է, որ մեզ մոտ դրվածքը սխալ է, պետք է հետ գնանք, համարենք, որ ոչ մեկը ոչինչ չգիտի, ու սովորեցնենք։ Ես առաջարկել եմ, որպեսզի դիմենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և դպրոցներում գոնե երթևեկության կանոնների պարտադիր դասընթացներ ներառեն, իսկ ԱԺ-ում ստեղծվի 13-րդ հանձնաժողով, որը բազմաբովանդակ գործունեություն կծավալի երթևեկության կարգավորման ուղղությամբ։ Սա շատ երկրներումընդունված է, և կարծում եմ, որ տեղին կլինի»,- եզրափակեց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս