«2018-ին Հայաստանում պետական հեղաշրջում չի եղել». Արմեն Մինասյան
2018-ին առանձնապես մեծ բան տեղի չի ունեցել: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին:
«2018-ին ընդամենը փողոցի ճնշման արդյունքում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, համաձայն չեմ, որ դա պետական հեղաշրջում էր, որովհետև նոր իշխանությունը ձևավորվել է գործող խորհրդարանի կողմից՝ ՀՀ սահմանադրական նորմերի շրջանակներում: Մի կողմից, ճիշտ չէ, որ դա հեղափոխություն էր: Տարիուկես անցել է, և մենք ականատես չենք եղել որևէ հեղափոխական մոտեցման: Ընդհակառակը, բոլոր արատավոր երևույթները, որոնք կային մեր կյանքում, իներցիայի ուժով շարունակվում են, տեղ-տեղ ավելի խորանում ու տեսանելի են դառնում այն պատճառով, որ նախ նոր իշխանությունները չեն հասկանում, որ պրոբլեմների մեծ մասն օբյեկտիվորեն կա և ապա, իրենք չունեն փորձ դրանք լուծելու համար»,- ասել է նա:
Փորձելով ամփոփել 2019 թվականը և կանխատեսելով 2020 թվականը, քաղաքագետը նշել է, որ այդ զարգացումներից հետո կա երեք հիմնական գործոն. «Առաջինը հասարակության ակնկալիքներն ու սպասումներն էին, որոնք ժամանակի ընթացքում գնում են դեպի ճգնաժամ, քանի որ մարդիկ ուզում են այսօր և հիմա, և հասկանալի է, որ որևէ իշխանություն ի վիճակի չէ ապահովել դա, ինչի պատճառով էլ ժամանակի ընթացքում տեղի է ունենալու հիասթափություն, հանրային վստահության անկում: Սա՝ ֆորս մաժորի բացակայության դեպքում, ցանկացած ֆորս մաժոր կտրուկ փոփոխելու է իրավիճակը:
Երկրորդ գործոնը հակաիշխանական ճամբարում ուժերի վերադասավորումն է, խմբավորումը և բյուրեղացման նախածիլերը: Մենք գտնվում ենք բավականին ակտիվ փուլում. իշխանության հակառակ ճամբարում եղած ուժերն ամենատարբեր գործոնների ազդեցության տակ են, նախկինների մոտ հաղթահարվել է այդ շոկային վիճակը, և նրանք արդեն առաջ գնալու նոր ուղիներ են որոնում: Երրորդ գործոնն էլ այն է, որ կան նաև, իսկապես, հեղափոխությունից հիասթափվածներ, որոնք դեմ հանդես չեն գալ այլ դիրքերով: Այս բոլորին՝ պայմանական ասած՝ սևերին, միավորում է մեկ բան. նրանք բոլորը դեմ են Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը»,- ասել է Արմեն Մինասյանը:
Արմեն Մինասյանն իր ելույթի ընթացքում առանձնացրել է նաև 2019 թվականի ամենակարևոր իրադարձությունը, որը, ըստ քաղաքագետի, իշխանության անկարողությունն էր, կադրերի պակասը, կառավարման էֆեկտիվության շատ ցածր մակարդակը:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում