Դատախազությունը Նարեկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն է ներկայացրել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդություն արդեն ներկայացվել է դատարան»,-ասաց Խաչատրյանը:
Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան: 2018թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։