Տորպեդո ՖԱ. «ՀՖՖ նախագահի ընտրություններին մասնակցել է մեր ակումբի հետ կապ չունեցող անձ»
Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Տորպեդոյի» մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել՝ կապված այսօր կայացած ՀՖՖ նախագահի ընտրություններում իր ներկայացուցչի հետ։
Նշենք, որ ակումբն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ ընտրություններում աջակցելու է Արմեն Մելիքբեկյանին, ով ընտրվեց ֆեդերացիայի նախագահ։
«Հարգելի հասարակություն: Այսօր կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Օրեր առաջ մեր ակումբը հրապարակել է իր դիրքը` պաշտպանելով թեկնածուներից մեկին: Սակայն որոշ մարդիկ այլ կերպ են մտածել: Ակումբի տնօրեն Հարութ Արմենակյանը, գործելով իր անձնական շահերից, «Տորպեդո» ՖԱ-ի անունից գործուղել է ժողովին Նորայր Ավագյան անուն-ազգանունով մարդու, ով երբեք չի աշխատել մեր ակումբում ու ակումբի հետ ոչ մի կապ չունի: Այս բոլոր գործողությունները կատարվել են ակումբի մեջքի հետևում`ընտրության արդյունքները կեղծելու նպատակով: Այդմարդու բոլոր գործողությունները հմուտ կերպովմտածված էին և թելադրված հետաքրքրված անձանցմիջոցով: Սակայն այդ գործողությունները խարդախություն են, որը թույլ է տվել «Տորպեդո» ՖԱ-ի տնօրենը` վստահելով կասկածելի իրավաբանի ու ստորագրեով անհրաժեշտ փաստաթղթերը: «Տորպեդո» ֆուտբոլային ակումբը հավատում է, որ Հարութ Արմենակյանը խաբված է եղել ու շուտով իր դիրքորոշումը կարտահայտի: Բացի այդ, «Տորպեդո» ՖԱ-ն խնդրում է այս գրառումը դիտարկել որպես հաղորդագրություն պատկան մարմիններին, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Մեր կողմից ուզում ենք շնորհավորել ՀՖՖ նոր նախագահին ու ցանկանալ հաջողություն նոր պաշտոնում»,- նշված է հայտարարությունում:
Նշենք, որ «Տորպեդո» ՖԱ-ի ներկայացուցիչը ժողովի ընթացքում դեմ էր քվեարկում 9 ՀԿ-ներից մեծ մասի գործունեության կասեցմանը: