
Սաուդյան Արաբիայում հինգ մարդու մահապատժի կենթարկեն լրագրող Խաշկոջիի սպանության համար

Սաուդյան Արաբիայում դատարանը դեկտեմբերի 23-ին մահապատժի է դատապարտել հինգ մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեջ: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատախազությունը։
Եվս երեքին բանտարկության են դատապարտել 24 տարի ընդհանուր տեւողությամբ պատժաժամկետներով: Դատապարտվածների անունները զանգվածային լրատվամիջոցները չեն հայտնում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանիին հետաքննության ընթացքում հարցաքննել են, բայց նրան մեղադրանքներ չեն առաջադրել: Այնուամենայնիվ, Ալ Քահթանին զրկվել է իր պաշտոնից Խաշկոջիի սպանությունից հետո:
Լրագրող Խաշկոջին, որն աշխատում էր The Washington Post-ի համար, սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես էլ չի գտնվել:
Սաուդյան Արաբիայում Խաշկոջիի մահվան կապակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել 11 կասկածյալի, այդ թվում՝ հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Ահմեդ ալ Ասիրիին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: