Բաժիններ՝

Մերկելն Ադենաուերից առաջ է անցել Գերմանիայի կանցլերի պաշտոնում գտնվելու տևողությամբ

Անգելա Մերկելը Կոնրադ Ադենաուերին գերազանցել է Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում գտնվելու տեւողությամբ: Այսօր Մերկելն այդ պաշտոնն զբաղեցնում է ուղիղ 5144 օր այն դեպքում, երբ Դաշնային Հանրապետության առաջին կանցլերը կառավարել է 5143 օր՝ 1949 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ 1963 թվականի հոկտեմբերի 15-ը:

Մերկելը դաշնության կանցլեր է դարձել 2005 թվականի նոյեմբերի 22-ին: Այսուհետեւ նրանից ավելի երկար կառավարել է միայն Հելմուտ Կոլը: Նա ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի աթոռն զբաղեցրել է 5869 օր՝ 1982 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 1998 թվականի հոկտեմբերի 26-ը: Ակներեւ է, որ նա տեսանելի ապագայում կմնա ռեկորդակիր. չէոր Մերկելին հարկավոր է եւս 725 օր, այսինքն՝ իր պաշտոնում մնալ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 17-ը, որպեսզի կառավարի այնքան, որքան Կոլը:

Սակայն մեկ տարի առաջ Մերկելը հայտարարեց, որ այլեւս իր թեկնածությունը չի առաջադրելու կանցլերի պաշտոնի համար եւ նույնիսկ տեղի չի հավակնելու Բունդեսթագում: Իսկ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, եթե ՔԴՄ/ՔՍՄ-ից եւ սոցիալ-դեմոկրատներից բաղկացած «մեծ կոալիցիան» չփլուզվի, տեղի կունենա ամենաուշը 2021 թվականի հոկտեմբերի 24-ին:

Այդուամենայնիվ, Մերկելը Կոլից առաջ անցնելու շանսեր ունի: Դա տեղի կունենա, եթե նա կանցլերի պարտականությունները կատարի նաեւ ընտրություններից հետո, օրինակ, եթե նոր կառավարող կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցություններն զգալիորեն ձգձգվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս