Զելենսկին գլխավորել է ամենաազդեցիկ ուկրաինացիների վարկանիշը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գլխավորել է 100 ամենաազդեցիկ ուկրաինացիների ցուցակը. պետության նախկին ղեկավար, իսկ այժմ պատգամավոր եւ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պյոտր Պորոշենկոն հայտնվել է միայն 18-րդ տեղում: Ավանդական ամենամյա վարկանիշը կազմում է «Ֆոկուս» հանդեսը։
Այս տարի ցուցակը նորացել է կիսով չափ: Դրա հիմքն առաջվա պես կազմում են նախագահական մրցարշավի հնարավոր մասնակիցները, թոփ-պաշտոնյաները, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ամենահարուստ գործարարները եւ պետական ընկերությունների մենեջերները: Թոփ-100-ի 34 մասնակիցները 40-ից ցածր տարիքի են, 20 տոկոսը կանայք են:
Ինչպես եւ հարկ էր սպասել, վարկանիշը գլխավորել է գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին: Երկրորդ տեղում հայտնվել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը, առաջատարների եռյակը եզրափակում է ամենահարուստ ուկրաինացին՝ Ռինատ Ահմետովը, որն արդեն երկար տարիներ մտնում է երկրում առավել ազդեցիկ մարդկանց եռյակի մեջ: Մի քանի տարի հետո չորրորդ դիրք է վերադարձել ամենահարուստ ուկրաինացիներից մեկը՝ Իգոր Կոլոմոյսկին:
Վարկանիշի տասնյակում «հին գվարդիայից» հայտնվելէ նաեւ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը: Վարկանիշի առաջին տասնյակում մնացածները նոր դեմքեր են: Այսպես, հինգերորդ տեղում է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, վեցերորդում՝ գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան, յոթերորդում՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) ղեկավարը՝ Իվան Բականովը, ութերորդում՝ Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը, եւ տասնյակը եզրափակում է նախագահի առաջին օգնական Սերգեյ Շերիֆը:
Առաջվա պես ազդեցությունը պահպանում է EastOne Group-ի հիմնադիր, միլիոնատար Վիկտոր Պինչուկը: Նա 11-րդ հորիզոնականում է: Իր դիրքերը զիջել է «Բատկիվշչինա» կուսակցության եւ Ռադայում համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, որը հայտնվել է 15-րդ տեղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: