«Հեղափոխություն է եղել, քաղաքական ընդվզումներ են եղել, բայց պետական համակարգն անխափան աշխատել է». Սերոբ Անտինյան
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ պետական համակարգի կողմից իսկապես կա դիմադրություն, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, բայց դա, ըստ փորձագետի՝ միտումնավոր չէ.
«Դա պայմանավորված է օբյեկտիվ մի շարք հանգամանքներով: Նախ՝ պետական համակարգը մեծ է, ինչը բնական է: Պետական համակարգը պետք է երաշխավորի կառավարչական ճիշտ որոշումների ընդունումը: Կառավարչական որոշման այն երկարատև գործընթացը, որով այդ որոշման նախագիծն անցնում է, բազմաթիվ համաձայնեցումների, շահագրգիռ մարմինների կողմից տրված կարծիքների, տարբեր գերատեսչությունների կողմից հաստատվելու երկարատև գործընթացը երաշխավորում է այդ կառավարչական որոշման ճիշտ լինելը: Կառավարչական սխալ որոշման պարագայում մենք կունենանք ոլորտային ձախողումներ, և կառավարչական ապարատը, բառի օբյեկտիվ իմաստով, բոլոր երկրներում է մեծ, ու հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում հասնել բեկումնային փոփոխությունների»:
Սերոբ Անտինյանի խոսքով՝ փոխվել են պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական որոշում կայացնողները, սակայն միջին և ստորին օղակները, որոնք այդ որոշումների կատարողներն են, ըստ նրա՝ մնացել են նույնը.
«Բնական է, որ այստեղ կարող են լինել նաև մասնագիտական հակասություններ. չէ՞ որ այդ մարդիկ նոր էին և, ըստ էության, ոլորտներին բավարար չափով չէին տիրապետում: Սակայն վերջին ժամանակներում, նրանց աշխատանքին զուգահեռ, որոշակի տիրապետման գործընթացներ առաջ եկան, և այս պահի դրությամբ այդ քաղաքական պաշտոններում ունենք մարդիկ, որոնք նաև տիրապետում են իրենց ոլորտներին»:
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանն իր այդ հայտարարությամբ գնահատեց հենց իր գործունեությունը, նա այսպես արձագանքեց. «Վարչապետը պետության ղեկավարն է, և ասել, թե` պետական համակարգը դիմադրում է, կառավարության մակարդակով պետք է այդ հարցը քննարկվեր, պատճառները բացահայտվեին, թե որ օղակներում է այդ դիմադրությունը, և, ըստ էության, տրվեր այդ դիմադրությունը հաղթահարելու որոշակի հանձնարարականներ»:
Հետաքրքրվեցինք՝ եթե պետական համակարգը դիմադրում է, այդքան վատն է, ինչպե՞ս են արձանագրվել այն հաջողությունները, որոնց մասին խոսում է վարչապետը՝ ամեն տարի ներկայացնելով տարբեր ոլորտներն ընդգրկող 100 փաստը:
«Պետական համակարգն այդքան վատը չէ, սպասումներն են պետական համակարգից բավականին մեծ: Իմ նշած օբյեկտիվ պատճառներով՝ այդ հսկա բյուրոկրատական ապարատը չի կարող մեծ ինտենսիվությամբ գործել: Որպեսզի մենք ունենանք նման դինամիկ և արագագործ համակարգ, անհրաժեշտ են համակարգային և հիմնարար բարեփոխումներ՝ պետական կառավարման համակարգում: Վերջին տարիներին օպտիմալացման գործընթացներ իրականացվեցին, բայց յուրաքանչյուր համակարգի արդիականացում պետք է սկսել նրա ֆունկցիոնալ բարեփոխումներից, պետք էր հասկանալ՝ արդյո՞ք լավ է գործում եղած կառուցվածքը, ֆունկցիոնալ բարեփոխումներ անելու փոխարեն՝ մենք գնացինք կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով: Ըստ էության, այս փուլում դեռ մեխանիկական միավորման ենք գնացել, որը չէր կարող տալ այն ցանկալի արդյունքը: Թողնելով նույն բովանդակությունը, նույն՝ ոչ արհեստավարժ կադրերը, նույն խնդիրները, որոնք նախկինից կային պետական համակարգում, փորձել ենք կառուցվածք փոխելով՝ հասնել արդյունավետության բարձրացմանը: Սա է պատճառը, որ մենք այս պահին ունենք որոշակի դիմադրություն»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ կան կարծիքներ, որ նոր կադրերն անփորձ են, և հենց հին կադրերի շնորհիվ է պետական համակարգը կայուն մնում, նա պատասխանեց. «Պետական համակարգը պետականության հիմքն է, պետական համակարգի կայունությունը երաշխավորում է պետության կայունությունը: Մենք ունեցանք բեկումնային քաղաքական փոփոխություններ մեր երկրում, բայց չունեցանք տնտեսական կատակլիզմներ, կոլապսներ, մեր հանրային, հասարակական կարգը բնականոն ձևով շարունակվում էր: Եթե նկատի առնենք, որ Հայաստանի հանրային կառավարման զգալի հատվածը պետական ինստիտուտների կառավարման ներքո է, սա միայն ու միայն այն բանի շնորհիվ է, որ պետական կառավարման համակարգն անխափան աշխատել է այդ ընթացքում: Այսինքն՝ հեղափոխություն է եղել, քաղաքական ընդվզումներ են եղել, սակայն պետական համակարգն անխափան շարունակել է իրականացնել իր բնական գործառույթները»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում