«Քաղաքական հարց եք տալիս». Անդրանիկ Քոչարյանը միջամտեց գեներալին ուղղված հարցին՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում լսեցին ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, որն այս պահին համակարգում չի աշխատում։
Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հրետանին որևէ բացթողում ունեցե՞լ է, նշեց, որ երբ նայում են գեներալին, նման գնահատական հնչեցնելու կարիք կա՞։
«Բացթողումների և ձեռքբերումների մասին այսօր որևէ մեկն իրավունք չունի ավելորդ բան խոսելու։ Հիմա դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանն իմանալու եք ամիսներ անց։ Այսօր գեներալը, զորացրված լինելով բանակից, կարևորել է հանձնաժողովի աշխատանքները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ալբերտ Մարդոյանի խոսքով՝ հանձնաժողովից իր սպասելիքն այն է, որ վերլուծություններ կկատարվեն, և հաջորդ քայլը կլինի ի նպաստ բանակի հետագա զարգացման։
Լրագրողները հարց ուղղեցին գեներալին, թե վարչապետը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմում դավադրություն է եղել, նման բան կա՞, սակայն Անդրանիկ Քոչարյանը միջամտեց՝ նշելով, որ հարցը քաղաքական է:
«Քաղաքական հարց եք տալիս զինվորականին, որը կանգնած է եղել հենց բանակի ակունքներում, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը նրանից ստացել ենք, դուք քաղաքական հարցեր կարող եք տալ ինձ»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։
Գեներալին ուղղված հաջորդ հարցին, թե ովքե՞ր են թերացել ապրիլյան պատերազմի ժամանակ, կրկին միջամտեց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ այս բոլորը հարցերը կարող են ուղղել իրեն մի քանի ամիս հետո։
Հարցին՝ կասկածներ ունե՞ք ապրիլյան պատերազմի վերաբերյալ, գեներալ Մարդոյանը բացասական պատասխան տվեց։