«Երբ ասում են Մարիամ Փաշինյանի համար մեքենա են գնել, նույնն է, որ ասեն՝ նրա համար գնել են զրահաբաճկոններ, կալաշնիկովներ, ռադիոկապ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր գնված ավտոմեքենայի մասին, որովհետև, իր խոսքով, պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություններ տալ ու պատասխանել այդ թեմայի շուրջ հանրությանը հուզող հարցերին:

 «Ո՛չ վարչապետը, ո՛չ վարչապետի ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից». Նիկոլ Փաշինյան

Խոսքը սկսելիս Նիկոլ Փաշինյանը նախ հիշեց «ՀՀ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  օրենքը, որի համաձայն՝ ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են:

«Օրենքը հստակ ասում էր, որ ՀՀ վարչապետն ընդհանրապես ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել պետական պահպանությունից: Իսկ մյուս անձինք, այդպես գրված է, ըստ էության չեն կարող հրաժարվել նաև վարչապետի ընտանիքի անդամները: Այնտեղ մի դրույթ կա օրենքում, որը կարելի է մեկնաբանել, որ վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից, բայց ընդհանուր առմամբ, կարճ ասած, ո՛չ վարչապետը, ո՛չ վարչապետի ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆեյսբուքյան լայվով վարչապետը քաղաքացիներին փորձեց բացատրել, թե ինչպես է իրականացվում պետական պահպանության ենթակա անձի անվտանգության ապահովումը:

«Ենթադրենք, օրենքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է, այդ թվում, տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Սա նշանակում է, որ մարդը, ենթադրենք՝ դարձել է պետական պահպանության ենթակա անձ, ինքը պետք է պահպանվի, և պետական պահպանության աշխատակիցները պետք է ուղեկցեն նրան: Այդ մարդիկ զինված են, զենք ունեն իրենց հետ, ունեն հատուկ միջոցներ և այլն: Հիմա եկեք պատկերացնենք, օրինակ, այդ մարդը երթևեկում է  մետրոյով, գազելով և այլն: Ինչպե՞ս պետք է այդ պահպանությունը իրականացնեն այդ մարդիկ: Արդյո՞ք իրենց ավտոմատները և ատրճանակները և հատուկ միջոցները, ընդ որում, ասում են, որ դա պետական պահպանության ենթակա անձի քմահաճույքը չի, դա պետական պահպանության մարմին է, որը այդ օրենքը ունի, աշխատում է՝  ըստ այդ օրենքի: Այլ կերպ չի աշխատում, որովհետև եթե այլ կերպ աշխատի, օրինակ, պետական պահպանության ենթակա  անձի հետ կապված որևէ միջադեպ, դեպք տեղի ունենա, այդ պետական պահպանության ծառայության աշխատողի նկատմամբ պետք է քննություն իրականացվի՝ առնվազն ծառայողական, հասկանալու համար՝ նա իր պարտականությունները պատշաճ կատարե՞լ է, թե՞ պատշաճ չի կատարել»,- բոլոր դետալները նկարագրելով՝ խոսեց Փաշինյանը:

Հետո կրկին հիշեցրեց. Դա բնավ ոչ իր, որ մեկ ուրիշի ցանկությունը չէ: Դա Հայաստանի Հանրապետության օրենքն է, ինչպես ինքն է ասում՝ գրված, գործող օրենքը: Հետո նաև նկատեց. Պետական պահպանության ենթակա անձի անվտանգությունն ապահովող մարդիկ պետք է շարժվելու տրանսպորտ ունենան: Ստացվեց, որ մեքենաները ոչ թե վարչապետի կամ իր ընտանիքի անդամների համար են, այլ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցների: Չէ՞ որ օրենքով սահմանված է, որ այդ ՊՊԾ աշխատակիցները պետք է տրանսպորտային միջոց ունենան:

«Հիմա նույն տրամաբանությամբ՝ այն մեքենան, որով ես եմ շրջում, այդ մեքենան իմը չի: Այդ մեքենան ՊՊԾ-ինն է, որը այդ մեքենան օգտագործում է վարչապետի անվտանգությունը ապահովելու համար: Իսկ վարչապետի անվտանգությունը ապահովում է, որովհետև այդպես սահմանված է օրենքով, որովհետև վարչապետը չի կարող հրաժարվել անվտանգությունից: Եվ, հետևաբար, ի բնե ասել, որ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար ՊՊԾ-ն մեքենա է գնել, դա ի սկզբանե աբսուրդ է»,- հայտարարեց Փաշինյանը:

Ու նաև օրինակ բերեց: Ըստ Փաշինյանի, երբ դուստրը՝ Մարիամը, վարորդական իրավունք էր ձեռք բերել, քաղաքում փորձել է շրջել իրենց 2008 թվականի արտադրության Nissan qashqai-ով: Այդ դեպքում ևս ՊՊԾ մեքենա է հետևել Մարիամ Փաշինյանին: Ու, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատահաբար ստացվել է՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամը շարասյունով է շրջում Երևան քաղաքում: Հենց այդ «տհաճությունից» խուսափելու համար էլ դադարեցրել է մեքենա վարելը ու սկսել է շրջել ՊՊԾ մեքենայով:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հենց լսել է, թե դստերը սպասարկող մեքենան 2019 թվականի արտադրության է, զանգել է ՊՊԾ ու հետաքրքրվել՝ արդյոք 2019 թվականին մեքենա ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ: Ու պարզել է՝ չկա նման բան: Դրանք իր ընտանիքի անվտանգությունն ապահովող բաժնի մեքենաներն են ու ձեռք են բերվել 2018 թվականին: Իսկ դրանց ձեռքբերման հարցում կրկին նախկինների գործոնը կա. ասում է նա:

«ՀՀ սահմանված օրենքով պարտադիր պետական պահպանության ենթակա անձանց թիվը ավելացել է, որովհետև, եթե չգիտեք, ասեմ, որ նախկինում պաշտոնավարածների անվտանգությունը ՊՊԾ-ն շարունակում է ապահովել, Սերժ Սարգսյանի անվտանգությունը շարունակում է ապահովել: Եվ էլի են մարդիկ ավելացել, որոնց պետական պահպանությունը պարտադիր է օրենքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ու նկատեց. Մարիամ Փաշինյանի համար մեքենա ձեռք բերելը նույնն է թե՝ ասեն, որ  Մարիամ Փաշինյանի համար Կալաշնիկովի ավտոմատներ են ձեռք բերվել, զրահաբաճկոններ են ձեռք բերվել, ռադիոկապ է ձեռք բերվել: Նա կրկնեց՝ ինքն ու իր ընտանիքի անդամները որևէ կապ չունեն այդ մեքենաները ձեռք բերելու հետ: Դա արել են ՊՊԾ աշխատակիցները, որ Փաշինյանների անվտանգությունը ապահովել  կարողանան: Իսկ Փաշինյանները չեն կարող իրենց անվտանգությունն ապահովելու գործառույթից հրաժարվել:

«Անցած կիրակի մենք ընտանիքով փախել ենք մեր հին մեքենայով և 1.5-2 ժամ շրջել ենք Երևան քաղաքում». Փաշինյան

Հենց այս խոսակցությունը ստիպեց Նիկոլ Փաշինյանին քաղաքացիների մոտ բացել իրենց ընտանեկան ամենամեծ՝ թիվ 1 խնդրի մասին «գաղտնիքը»: Պարզվում է՝ Փաշինյանի ընտանիքի վերջին 1.5 տարվա ամենամեծ խնդիրը «ախրանա ունենալը ու  ախրանայով շրջելն է»:

Հաջորդ «գաղտնիքը» բացեց Փաշինյանը, որը, ինչպես ինքն է ասում, կարող է մեկնաբանվել՝ որպես օրենքի խախտում:

«Անցած կիրակի մենք ընտանիքով փախել ենք մեր հին մեքենայով և 1.5-2 ժամ շրջել ենք Երևան քաղաքում, և, կարծում եմ՝ քաղաքացիներ կան, որ նկատել են մեզ: Այդ հիշարժան փաստի հետ կապված մենք նաև ունենք ֆոտոներ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը չկարողացավ անտարբեր անցնել նաև մամուլում կարդացած մեկ այլ վերնագրի կողքով, թե՝ «Մարիամ Փաշինյանը, մինչև թիկնազորը դուռը չի բացում, մեքենայից չի իջնում»: Ու այստեղ կրկին պարզվեց մեկ այլ անակնկալ, որի մասին Փաշինյանը նոր է իմացել:

«Պարզվում է՝ դա Պետական պահպանության ծառայության պահանջն է: Ինձ հետ էլ է այդպես եղել: Դուռն իմ թիկնազորի պետն է բացում: Մարդկանց ի՞նչ է թվում՝ պագոններս կընկնե՞ր, որ ես դուռը բացեի: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան, և մենք, այդ մարդկանց աշխատանքը հարգելով, ասում ենք՝ լավ: Սկզբից մի քանի անգամ ես դուռը բացել եմ, ինձ ասել են՝ խնդրում ենք, դուռը մի բացեք: Սխալ մեկնաբանություն եք անում, սիրելի հայրենակիցներ»,- նկատեց նա:

Իսկ եթե Փաշինյաններն այդքան անհարմարությունների մեջ են թիկնազոր ունենալու պատճառով, ինո՞ւ օրենքում փոփոխություն չեն անում:

Իհարկե, ոչ իրենց համար: Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, մտածում է հետագա վարչապետների մասին:

«Դա անարդար կլինի հետագա վարչապետների համար: Եթե հետո պետք լինի, կստացվի, որ մեր անձնական քմահաճույքի արդյունքում մարդիկ պետք է չարչարվեն, բացատրեն, թե ինչու են դա անում»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս