«Չեմ հիշում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի երեխաների համար պետությունը մեքենաներ գնած լինի». Տիգրան Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրողների թիվը 60 հազարից կավելանա, որովհետև բացի նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես ունեցել է աջակիցներ, հիմա նաև շատերը սկսել են տեսնել, թե ինչ է կատարվում դատական համակարգում։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով. «Այդ քանակն աճելու է, որովհետև շատերը տեսնում են, թե ինչ խայտառակ դատավարություն է տեղի ունենում, ինչպես են ստորացնում դատական համակարգը և ինչպես է հանուն Փաշինյանի պահած քենի՝ խախտվում դատական իշխանության իրավունքը։ Շատերի մոտ նաև հարց է առաջանում՝ բա եթե տարիներ շարունակ ասել եք, որ Քոչարյանը թալանչի է, ինչո՞ւ այդ դեպքում նրան չեն դատում այդ 4 միլիարդը թալանելու համար։ Մյուս կողմից՝ շատերը տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը տապալվում է իր գործունեության մեջ և, սովորության համաձայն, սկսում են նոր լիդեր փնտրել։ Հաշվի առնելով Քոչարյանի խարիզման՝ կարող են սատարել նրան»:
Մեդիափորձագետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը զուգընթաց՝ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ, իսկ այդ վարկանիշի անկման պատճառն այն, է, որ սպասելիքները, որոնք ունեին Փաշինյանից, չարդարացան։
«Մի մասն էլ հիասթափվում է նրանից, որ Նիկոլը բոլորին չի կախել ծառից, և դա անելու տեմպերը դանդաղում են։ Գիտեք՝ Փաշինյանը կերակրում է տեսարաններով, որոնց ազդեցությունն այլևս թուլացել է. հիմա ում էլ ձերբակալեն և կալանավորեն, այն նախկին էֆեկտը չկա՝ ռեյտինգի առումով»,- ասաց Քոչարյանը։
Վերջինիս խոսքով՝ քանի որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել «իշխանական էլիտայի վերադասավորում», ինչի արդյունքում էլ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ուստի այժմ էլ նման վերադասավորման դեպքում իշխանությունը կանցնի այլ մարդու։
«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հենվել ցույցային և միտինգային քաղաքականության վրա։ Ռոբերտ Քոչարյանը միշտ հայտնվել է պաշտոնի, երբ ուժեղ ղեկավարի կարիք է զգացվել։ Ինչքան շարունակեն ճնշել դատավորին, այնքան Քոչարյանի վարկանիշն աճելու է»,- վստահեցնում է Տիգրան Քոչարյանը՝ նշելով, որ, եթե չլինի հերթական բիզնես-ռազմական-քաղաքական էլիտաների փոփոխություն, վերադասավորում, նոր իշխանություն չենք ունենա։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա հայտարարությանը, թե՝ պատրաստվում են կուսակցության խորհրդում քննարկել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը, Տիգրան Քոչարյանը նշեց, որ Մարուքյանը գնում է իր «քաղաքական ապագան թաղելու ճանապարհով», և հետևաբար՝ հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ է նա մնում քաղաքականության մեջ։
«Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը գնաց, Արման Բաբաջանյանը ևս գնաց ԼՀԿ-ից, եթե Խաժակյանն էլ գնա, ուրեմն՝ հանուն ինչի՞ է պայքարում Մարուքյանը, Փաշինյանի կից լինելո՞ւ: Նա թաղում է իր քաղաքական ապագան»,- ասաց Քոչարյանը։
Մեդիափորձագետի խոսքով՝ եթե Էդմոն Մարուքյանն ու իր ղեկավարած թիմը չեն կարողանում ազդել նաև Ազգային ժողովի բովանդակության վրա, այդ դեպքում պետք է դնեն իրենց մանդատներն ու հեռանան։
«18 մանդատները դրեք, պարո՛ն Մարուքյան, խնայեք բյուջեն և ձեզ տրվող պարգևավճարները, գործուղումներն ու աշխատավարձերը։ Ավելի ազնիվ գտնվեք ազգի առջև, որովհետև, միևնույն է՝ ձեր կարծիքը չեն լսում և հաշվի չեն առնում Ազգային ժողովում»,- ասաց Քոչարյանը։
Մեդիափորձագետը խոսեց նաև քննարկվող հաջորդ թեմայի՝ պետական միջոցներով վարչապետի դստերը սպասարկելու համար գնված ավտոմեքենայի մասին։
«Այս հարցից աղմուկ է բարձրանում նրա համար, որ Փաշինյանը 2015 թվականին ԱԺ ամբիոնից երկիրն անվանեց պադավատապետություն, օրինակ բերեց Դանիան, որտեղ կա ընդամենը մի քանի ծառայողական մեքենա։ Նա անխնա քննադատեց բոլորին, որ այդքան ծառայողական մեքենա են պահում, իսկ հիմա, երբ հասնում է իր ընտանիքին, դա անում է։ Ես չեմ հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի երեխաների համար պետությունը մեքենաներ գնած լինի։ Հաստատ Մարիամով չի սահմանափակվի, Փաշինյանն ունի ևս երեք երեխա, որդին բանակից կգա, և բոլորի համար, փաստորեն, կարելի է ինչ-որ բաներ գնել։ Նա պետք է կանգ առնի։ Ինքը պայքարում էր «վիշապի» դեմ, «վիշապին սպանեց», նստեց նրա տեղն ու ավելի բեթար վիշապ է դառնում։ Հեծանվով շրջող վարչապետն ավարտվել է։ Այս վարչապետը հասկացել է՝ ի՞նչ է նշանակում՝ շքեղություն, և քաջություն չունեցավ իր մեջ դա սահմանափակելու. հիմա համարյա ամեն երեկո անցկացնում են ինչ-որ թանկանոց երաժշտական ակումբներում»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ինչպես՝ այս գնման, այնպես էլ՝ 2018 թվականից հետո տեղի ունեցած պետական գնումների, հիմնադրամների գործունեությունը պետք է ուսումնասիրի իրավական համակարգը, սակայն ոչ թե՝ ներկայիս, այլ՝ հաջորդ իշխանության ժամանակ։
«Մարդկանց պետք է հարցնել, օրինակ, ինչպես են կարողացել ոմանք 5 մլն դրամ մուծել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամին, եթե իրենց եկամուտները մի քանի անգամ քիչ են այդ գումարից։ Մարդիկ կան, որոնք 5 միլիոն դրամ են մուծել, բայց իրենց ամբողջ կյանքում առաջին անգամ այդքան գումար տեսել են այն ժամանակ, երբ այդ գումարը տվել են ու ասել՝ տար, մուծի։ Մարդ էլ կար՝ ասում էր, որ՝ ես այնքան ազնիվ եմ, որ 0 դրամ չունեմ կուտակած, բայց 5 միլիոն դրամ է մուծել։ Ախր չէ՞ որ մենք բոլորին գիտենք. գիտենք, թե ով ինչ կյանքով է ապրել։ Այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, սակայն ներկայիս իրավական համակարգը չի կարող գնալ այս և մյուս բոլոր հիմնադրամների հետևից, ներկայիս իրավական համակարգը ծալել-գցել են մի կողմ: Դա պետք է անի հաջորդ իշխանության ժամանակ գործող համակարգը»,- ասաց Քոչարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում