Բաժիններ՝

Բյուջեի բացը, որը կազմելու է 27.5 միլիարդ դրամ, փորձ է արվելու կոմպենսացնել անուղղակի հարկատեսակների բարձրացմամբ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի փոխանցմամբ՝  մեր բյուջեի ծախսերի շուրջ 61 տոկոսը  հիմնականում երեք ոլորտի է բաժին ընկնում. սոցիալական և պաշտպանության ոլորտներ, հանրային ընդհանուր բնույթի ծառայությունները:

«Կապիտալ ծախսերի հետ կապված, իհարկե, դրական է, որ տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը շուրջ 78 տոկոսով ավելացել են: 2019թ. եղել է շուրջ 133 միլիարդ, 2020թ. բյուջեով նախատեսված է 237 միլիարդ, բայց դրանց առյուծի բաժինը հիմնականում ճանապարհաշինությանը և տրանսպորտին է բաժին հասնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը:

«2021թ. հարկային նոր օրենսգրքով անցում է կատարվելու համահարթ եկամտահարկին, որի պարագայում այսօր Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերով մենք ունենք 614.000 վարձու աշխատողներ, նրանց շուրջ 60 տոկոսը ստանում է մինչև 150.000 դրամ աշխատավարձ: Համահարթ եկամտահարկի արդյունքում նրանց կողմից տնօրինվող եկամուտները, բնականաբար, չեն փոխվելու, իսկ բյուջեի բացը, որը կազմելու է 27.5 միլիարդ դրամ՝ փորձ է արվելու կոմպենսացնել անուղղակի հարկատեսակների բարձրացմամբ, մասնավորապես՝ ակցիզային հարկի և գույքահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրմամբ: Կարծում եմ՝ այս փուլում կառավարությունը պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնի՝ գնաճը զսպելու տեսանկյունից»,- հավելեց Մարինե Առաքելյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականը տնտեսական առումով լի էր և՛ ձեռքբերումներով, և՛ բացթողումներով: 9 ամիսների կտրվածքով ունենք շուրջ 7.1 տոկոս  տնտեսական ակտիվության ցուցանիշ:

«Եթե ուսումնասիրում ենք կառուցվածքը, տեսնում ենք, որ հիմնական շարժիչը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը:

Եթե ծառայությունների ոլորտից հանենք զբոսաշրջությունն ու ՏՏ ոլորտը, ապա կարող ենք եզրահանգման գալ, որ հիմնականում շարժիչ են եղել տերմինալով խաղերը, բուքմեյքերական գործոնեությունից օգտվողները և առևտրի մեծաքանակ աճը, ինչն էլ պայմանավորված է եղել 2019թ. աննախադեպ քանակով մեքենաների ներմուծմամբ, որը 9 ամիսների կտրվածքով կազմել է շուրջ 103.000»,- եզրափակեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս