«ԼՀԿ-ն բարձր է գնահատում Դավիթ Խաժակյանի գործունեությունը, սակայն քննարկում է նրան ավագանիից հանելու հարցը». Էդմոն Մարուքյան

««Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Ինչպես գիտեք՝ ԼՀԿ-ն ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ, և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանիից, ապա մենք կդադարեցնենք մեր մասնակցությունը Երևանի ավագանիում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում արված գրառմանը, որ «ԼՀԿ-ն քննարկում է Դավիթ Խաժակյանին ավագանիից հանելու հարցը»:

Նրա խոսքով՝ հազարավոր նամակներ են ստանում, կուսակցության մեդիաթիմն էլ հետևելով քաղաքացիների արձագանքներին՝ համապատասխան զեկույց է ներկայացում թիմին, ուստի, ըստ Մարուքյանի՝ իրենք լսում են քաղաքացիների արձագանքները և դրանից բխող քայլեր են քննարկում:

«Քանի որ մենք թափանցիկ ենք աշխատում և ավագանու երեկվա նիստից հետո մենք ինչ-որ կերպ պետք է արձագանքեինք, սա այդ արձագանքն է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Նա նաև ընդգծեց, որ այս պահին Դավիթ Խաժակյանը շարունակում է մնալ ավագանու անդամ:

Մարուքյանը վստահեցնում է՝ այս ամենի պատճառն այն չէ, որ Դավիթ Խաժակյանը քննադատում է Երևանի քաղաքապետին, ինչպես նշում են շատերը:

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Նա կարևոր օրինակ է նաև Հայաստանի երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ՝ լինում են դեպքեր, երբ Դավիթ Խաժակյանը չի կարողանում իրավիճակը վերահսկել կամ դրա համար կրել պատասխանատվություն: «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են կոնկրետ ոչ մեր անդամների գործունեության համար: Հիմա մենք որքա՞ն կարող ենք անդադար մեկնաբանել ու պարզաբանել, սա մեզ համար լուրջ խնդիր է, մտածում ենք՝ գուցե չմասնակցե՞նք, որպեսզի չդառնանք թիրախ»,- ասաց նա:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ ԼՀԿ-ն ունի իր օրակարգն ու գաղափարախոսությունը՝ ինչպես ԱԺ-ում, այնպես էլ՝ ավագանիում, հետևաբար՝ երբ կուսակցությունը և կառավարման խորհուրդը գնահատում է, որ ավագանիում «Լույս» խմբակցությունը «շեղվում է կուսակցության գծից», ապա պետք է կարողանան հասկանալ, թե որանով է նպատակահարմար իրենց մասնակցությունը:

«Մենք պետք է կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջովին համաձայն է կուսակցությունը, հետևաբար՝ մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ ըստ էության մենք պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը կուսակցության օրակարգում ներառված չէ»,- շեշտեց Մանե Թանդիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս