Հիմա ո՞վ է հակահեղափոխականը՝ պետական ծառայությո՞ւնը, թե՞ Կառավարությունը

Կառավարության վերջին նիստում կառավարման համակարգի գործունեության «հակահեղափոխական» բնույթի վերաբերյալ Վարչապետի քաղաքական գնահատականը ոչ միայն մի շարք հարցեր է առաջացնում, այլև մտահոգիչ մտորումների տեղիք է տալիս:

Ի՞նչ  նկատի ուներ Վարչապետը՝ փաստելով, որ կառավարման համակարգը հակահեղափոխական է:

Պետք է ենթադրել, որ դրանով Վարչապետն արձանագրում է, որ թե՛ ինքը, և թե՛ հանրությունը բավարարված չեն պետական ծառայողների գործունեության արդյունքներից՝ հեղափոխությունից հանրության սպասելիքները բավարարելու առումով: Այսինքն՝ Վարչապետը փաստում է, որ պետական ծառայությունը չի ապահովում հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում հանրության սպասելիքները բավարարող քաղաքականության իրականացումը: Սա է, ըստ էության, արձանագրում Վարչապետը:
Սական իշխանության քաղաքականության իրականացման  գործում պետական ծառայությանը նման դերակատարում կամ պատասխանատվություն վերապահելը խիստ վիճահարույց է՝ խնդրի բոլոր առումներով:

Պետական ծառայությունը պետական կառավարման համակարգում ունի մեկ գլխավոր գործառույթ՝ նախապատրաստել տվյալ ոլորտում Կառավարության հռչակած քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական որոշումները  և նախարարի և/կամ Կառավարության կողմից դրանք ընդունելու պարագայում՝ ապահովել այդ որոշումների կատարումը: Ընդ որում, պետական ծառայության կողմից նախապատրաստված բոլոր փաստաթղթերը՝ Կառավարության որոշումների, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի  նախագծերը, վերլուծությունները, առաջարկությունները և այլ նյութեր, դրվում են պաշտոնական շրջանառության մեջ (հետևաբար և՝ հայտնվում են Վարչապետի և Կառավարության անդամների սեղանին) բացառապես համապատասխան նախարարի կամ վերջինիս գիտությամբ՝ նրա համապատասխան տեղակալի ստորագրությամբ:

Այսինքն՝ որևէ նախարարությունից դուրս եկած և պաշտոնական շրջանառության մեջ դրված փաստաթղթի բովանդակության պատասխանատուն տվյալ ոլորտի նախարարն է,  այդ թվում՝ հեղափոխությունից հանրության սպասելիքների բավարարման տեսակետից: Իսկ եթե հիմք ընդունել բոլորովին վերջերս  Վարչապետի պատասխանը ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ ցուցարար երիտասարդների հարցադրմանն առ այն, որ բոլոր ոլորտներում իրականացվող քաղաքականության միակ պատասխանատուն Կառավարությունն է, ապա   հանրության սպասելիքների չարդարացման խնդրում մեղադրել պետական ծառայությանը՝  առավել քան  վիճահարույց է դառնում:

Ուստի, բավարարված չլինել պետական ծառայության գործունեության արդյունքներից՝ տվյալ պարագայում նշանակում է ոչ այլ ինչ, քան արձանագրել, որ կամ Կառավարության անդամներն իրենք չեն գիտակցում հեղափոխության նպատակները, կամ կասկածի տակ առնել Կառավարության անդամների և նրանց տեղակալների մասնագիտական կարողությունները:

Ինքս անձամբ չէի միանա  Կառավարության  մի շարք  անդամներին ուղղված  նմանատիպ գնահատականներին, քանի որ նրանց  համարում եմ իրենց ոլորտների արհեստավարժներ: Չեմ կարծում, որ Վարչապետը նույնպես ի նկատի է ունեցել  իր կաբինետի անդամներին, առավել ևս, որ նրանք բոլորն էլ նշանակվել են իր  կողմից, թեպետ  նման դեպքերում  մեկ-երկու ոչ հաջողված նշանակումներից ոչ ոք երաշխավորված չէ: Բայց քանի որ Վարչապետի խոսքն անհասցե էր, և վերը նշված մեկնաբանությամբ այն կարող է վերագրվել  նաև նախարարներին, ապա  նման   գնահատականը պետական կառավարման համակարգում գործող քաղաքական պաշտոնյաների գործունեության արդյունավետության առումով հավելյալ մեկնաբանություններ է պահանջում, հատկապես՝ այդ պաշտոնյաների վարձատրությունն առասպելական մակարդակի հասցնելու համատեքստում (կարող է հարց  առաջանալ,  բա  ինչո՞ւ ենք նրանց հարկատուների հաշվին այդչափ աննախադեպ բարձր վարձատրում):

Իսկ միգուցե Վարչապետն ի նկատի ուներ բուն պետական ծառայողների աշխատանքը՝ ներկայացնելով այն՝ որպես անբովանդակ (նույնիսկ անգրագետ՝ հանրակրթության տարրական պահանջների տեսանկյունից) և հեղափոխության նպատակները տորպեդահարող գործունեություն: Բայց այս ենթադրությունը չի դիմանում որևէ քննադատության հենց վերը նշված մեկնաբանությունների հիմքով:
Ավելին, եթե մի պահ ենթադրենք, որ Վարչապետի դժգոհությունը պետական ծառայողներից պայմանավորված է նախարարների անբավարարվածությամբ՝ իրենց ապարատների մասնագիտական կարողություններից, ապա պետական ծառայության մասին օրենքի կարգավորումները միանգամայն բավարար են նմանատիպ  բնույթի խոչընդոտները հաղթահարելու համար:
Ուստի Վարչապետի հրապարակային «սրտնեղումը»՝ կապված իր, հետևաբար և՝ ժողովրդի՝ հեղափոխությունից սպասելիքների բավարարված չլինելու փաստի հետ, որևէ կերպ պայմանավորել պետական ծառայության գործունեությամբ հնարավոր չէ:

Այդ դեպքում ի՞նչն էր Վարչապետի վրդովմունքի իրական պատճառը:

Միգուցե «չհաջողված պետություն»  ժառանգություն ստանա՞լը, պետություն, որի ինստիտուտները կաթվածահար վիճակում են (բոլորս հիշում ենք տարեսկզբին Վարչապետի կողմից ինչ-որ գաղտնի փաստաթղթի բովանդակության գաղտնազերծումը):

Սակայն բոլոր հիմքերն առկա են փաստելու, որ այդ թեզը հերքվեց հենց իր՝ Վարչապետի կողմից, ամբողջ տարվա ընթացքում տնտեսության տարբեր ոլորտներում «աննախադեպ» ձեռքբերումների փաստագրումներով, այդ թվում՝ նոր իշխանությունների հաջողություններն արձանագրող 100 և ավելի փաստերով: Ավելին, Ազգային ժո.ղովում 2020թ պետական բյուջեի նախագծի քննարկումներում Վարչապետը դարձյալ անդրադարձավ իր Կառավարության աննախադեպ ձեռքբերումներին, ներկայացնելով դրանք՝ որպես թավշյա հեղափոխության ուղղակի հետևանք: Դժվար է պատկերացնել, որ կաթվածահար պետական ինստիտուտներով կամ Կառավարության գործունեությունը տորպեդահարող պետական ծառայողների համակարգով հնարավոր է արձանագրել նման աննախադեպ հաջողություններ:

Ուստի ինչո՞վ էր, այդուհանդերձ,  պայմանավորված Վարչապետի էմոցիոնալ պոռթկումը:

Միգուցե Վարչապետի զայրույթը պայմանավորված էր այն իրողությամբ, որ տնտեսության ոլորտում վիճակագրությամբ արձանագրվող ցուցանիշները, մեղմ ասած, չեն արտացոլում իրերի իրական վիճակը (նկարված են), և կա լուրջ խզում իրականության հետ (ի դեպ, որ տնտեսության ոլորտում պաշտոնական վիճակագրության կողմից արձանագրված ցուցանիշներում կան որոշ հակասություններ, փաստվում է թեկուզ մեկ անհամապատասխանությամբ՝ տնտեսության տարբեր ոլորտներում տպավորիչ աճի պայմաններում արձանագրվում է էլեկտրական էներգիայի արտադրության ծավալների ավելի քան 4% անկում):
Նման պարագայում կարող է հարց առաջանալ. արդյո՞ք շուրջ մեկ տարի անընդհատ և ամեն առիթով թմբկահարվող ամենատարբեր «աննախադեպերը» ոչ մի կապ չունեն իրերի իրական վիճակի հետ և օգտագործվում էին՝ որպես քարոզչական հնարք այդ վիճակը  քողարկելու համար, և քանի որ Կառավարության գործունեության թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ անընդհատ աճող հանրային պահանջի պայմաններում իրականության քողարկումն այլևս անհնար է դառնում (կամ բավականին դժվարանում է), ապա Վարչապետն ինտուիտիվ զգալով իրական վտանգ իր վարկանիշին, փորձ է անում օր առաջ նշանակել այդ  ամենի  «մեղավորին»: Ընդ որում, տարօրինակն այն  է, որ այդ նպատակով թիրախ է ընտրվում ոչ թե կոնկրետ սուբյեկտ կամ պաշտոնյա, այլ հավաքական մի կերպար՝ ի դեմս պետական ծառայության: Եվ դա արվում է հեղափոխական պաթոսով և «ջարդելու» անկոտրում կամքի ցուցադրմամբ:
Ավելին, կարող է  առաջանալ  մեկ այլ մտահոգութուն ևս: Եթե մեզանում արձանագրված հաջողությունները, որոնց  ամբողջ տարվա ընթացքում նախանձելի հետևողականությամբ անդրադառնում էր Կառավարության ղեկավարը, տեղի են ունեցել ի հեճուկս հակահեղափոխական պետական կառավարման համակարգի կամ պետական ծառայողների, ապա ստացվում է, որ այդ աննախադեպ ձեռքբերումների հետ Կառավարությունը որևէ կապ չունի, քանի որ հակառակ պարագայում, եթե այդ հաջողությունները պայմանավորված են Կառավարության գործունեությամբ, ապա դրանք ուղղակի հետևանք են պետական կառավարման համակարգի կամ պետական ծառայության գործունեության:

Հիմա ո՞րն է իրողությունը: Ըստ Վարչապետի՝ իրողությունն այն է, որ այդ ձեռքբերումները կապ չունեն պետական ծառայողների, հետևաբար և՝ նախարարությունների ու Կառավարության գործունեության հետ: Ցավոք, բայց Վարչապետի խոսքն այլ եզրահանգման չի բերում:
Ուստի կարելի՞ է արդյոք Կառավարության ղեկավարի խոսքն ընդունել՝ որպես  անուղղակի արձանագրումն այն փաստի, որ տնտեսությունում այսօր առկա դրական տեղաշարժերն ուղղակի նախկինում Կարեն Կարապետյանի Կառավարության իրականացրած նախաձեռնությունների արդյունք են՝ սկսած ինստիտուցիոնալ բարեփոխումներից՝ մինչև տարբեր ոլորտներում լայնածավալ ներդրումները, որոնք այսօր են իրենց զգացնել տալիս: Միգուցե անկե՞ղծ էր Վարչապետը, երբ Ազգային ժողովում 2020թ. պետական բյուջեի քննարկումների մեկնարկին այդ բյուջեն որակեց պահպանողական:

Բայց եթե դա այդպես է (իսկ այս մեկնաբանությունները նույնպես կյանքի իրավունք ունեն), ապա հեղափոխությունից հանրության սպասելիքների բավարարված չլինելու հանգամանքը պայմանավորված է ոչ թե այս կամ այն ինստիտուտի հակահեղափոխականությամբ, այլ գլխավորապես Կառավարության՝ հանրային կյանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի բացակայությամբ (այս մասին ես հրապարակավ արտահայտվել եմ դեռևս տարեսկզբին՝ Կառավարության գործունեության Ծրագիրը գնահատելիս):

Միգուցե դա՞ է պատճառը, որ մենք հայտնվել ենք անվերջ թվացող տեղապտույտում (սա Վարչապետի որակումն է), իսկ Կառավարությունն իրական բարեփոխումներ իրականացնելու իր անկարողությունը փորձում է քողարկել «100 փաստերով»  կամ նախկիններին սևացնելուն ուղղված քաղաքական բնույթի իրավական  անպտուղ նախաձեռնություններով:
Կյանքի իրավունք ունի նաև այն թեզը, որ տնտեսության  արտահանելի պոտենցիալի բարձրացմանն  ուղղված ներդրումների բացակայությունը, ըստ էության,  չեզոքացնում է առաջիկա ժամանակահատվածում տնտեսության անընդհատ և դինամիկ զարգացման որևէ հեռանկար, ինչը կարող է  արժեզրկել  «թավշյա հեղափոխությունը»՝  որպես պատմական իրադարձություն: Եվ Վարչապետը, գիտակցելով նման զարգացումների ոչ բարենպաստ հետևանքներն իր իշխանության  համար, փորձում է պատասխանատվությունը տեղափոխել կառավարման համակարգի վրա:  Ի դեպ, այս առումով մտահոգիչ է այն, որ Կառավարությունը ներդրումների բացակայության իրական պատճառները և իր գործունեությամբ   այդ բացակայությանը  «հնարավոր նպաստելու»  հանգամանքներն անաչառ վերլուծության ենթարկելու փոխարեն՝ գերադասում է հանրությանը տարբեր «աննախադեպերով» կերակրելու և հակահեղափոխական մեղավորներ նշանակելու աշխատաոճը:

Այս ամենի պարագայում բնական հարց է առաջանում՝   հիմա ո՞վ է դավաճանում հեղափոխությանը կամ ո՞վ է հակահեղափոխականը՝ պետական ծառայությո՞ւնը, թե՞ Կառավարությունը:
Հարցը բոլորովին հռետորական չէ:

Հետգրության կարգով. Իսկ միգուցե Վարչապետի խոսքը վերը նկարագրված մեկնաբանություններից  ոչ մեկի հետ էլ կապ չունի և հետապնդում է  շատ պարզունակ  նպատակ.    Վարչապետը, միայն իրեն հայտնի դրդապատճառներով պայմանավորված,   իշխանական շրջանակներում իր քաղաքական հեղինակությունը չթուլացնելու  նպատակով հարկ համարեց   ենթականերին «տոկի տալ» և ձեռքի հետ էլ  հանրությանը հիշեցնել, թե «ով է շարունակում գլխավորել շքերթը»: Շատ պարզ և իրեն շատ բնորոշ:

Ինչևէ, բոլոր  նկարագրված դեպքերն էլ մտահոգվելու  տեղիք են տալիս:

Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին Վարչապետ

 

Տեսանյութեր

Լրահոս