«Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբևէ չի եղել երկհամայնքային միավոր». ԱԳՆ խոսնակը՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակի տարածած հայտարարության մասին
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մի քանի մտահոգություններ էր հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ՝ նաև հիշատակելով Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնք» կոչված միավորման մասին.
«Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի իշխանությունների ցանկություններին՝ նրանց բանակցային որևէ ձևաչափում ընդգրկելու հարցում:
Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրների, ներառյալ՝ Հայաստանի կողմից, փորձ արվի բանակցություններում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, ապա դա կլինի Արցախի Հանրապետության գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ և իրատես ուժերը: Այդ կարևորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները»:
Թեև այս և այլ մտահոգությունների լրագրողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, այդուհանդերձ, 168.am-ի խնդրանքով ԱԳՆ խոսնակն այս հայտարարության առնչությամբ նշեց.
«Հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Կա 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ. եռակողմ հրադադարի համաձայնագրից: Իսկ կողմերի պատվիրակությունների կազմի որոշումը կողմերի իրավասության դաշտում է:
Նշեմ, որ Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբևէ չի եղել երկհամայնքային միավոր: Անգամ Խորհրդային տարիներին ԼՂ-ն եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը՝ փոխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը՝ ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, ի դեպ, սա հանգամանք է, որի մասին հանրային կերպով հայտարարել են Հեյդար Ալիևը, և վերջերս հաստատել է Իլհամ Ալիևը, հայերը Լեռնային Ղարաբաղում կազմել են բացարձակ մեծամասնություն: Ուստի միջհամայնքային հանդիպումների թեմայի վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին, և դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների՝ խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք կողմ դառնալու հարցում»: