«Վարչապետի մոտ լավ է ստացվում «ջարդելը», «փշրելը», «թաթիկներ կտրելը», «պատին սվաղելը», լավ կլինի, որ դրա փոխարեն՝ երկրի զարգացման տեսլական ներկայացնի». Քաղտեխնոլոգ

Դեկտեմբերի 12-ին՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է  ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի:

«Ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա,  օրերս ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ էլ կա։ Փորձաքննությունը, այն մեկը  ցուցմունք չի տալիս, այն մեկը փախավ, այն մեկը չփախավ։ Եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է,  այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն է տվել և մեր քաղաքական ուժին է ձայն տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա»,- շեշտել էր վարչապետը։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով վարչապետի հայտարարության այս հատվածին՝ ասաց, որ վերջին 1,5 տարվա ընթացքում վարչապետը բազմաթիվ «թշնամիներ» է հայտնաբերել, սկզբում այդ դերում հանդես էր գալիս Հանրապետական կուսակցությունը, որը, ըստ Կառավարության ղեկավարի, խանգարում էր ներդրումներին, հետո այդ դերը փոխանցվեց ուրիշներին։

«ՀՀԿ-ն, մեկ տարուց ավելի է, արդեն իշխանության չէ, բայց այդպես էլ մենք ներդրումներ չունեցանք։ Հիմա այդ «թշնամու» դերում իրավապահ համակարգն է, որը կարծես թե կրկին «խանգարում» է ներդրումներին, և այսպես շարունակ։ Վարչապետն անընդհատ թշնամիների փնտրտուքների մեջ է։ Այս ամենի պատճառն այն է, որ նա կառավարման մեթոդոլոգիա է ընտրել պոպուլիզմը, իսկ պոպուլիզմով առաջնորդվելը կառավարման համակարգում՝ նշանակում է՝ միշտ փնտրել թշնամիների, որոնք թույլ չեն տալիս իրենց կառավարել։ «Թշնամին» անընդհատ կարող է փոխվել, եթե նկատել եք, այս 1,5 տարվա ընթացքում շատ են փոխվել»,- ասաց Արմեն Բադալյանը։

Նրա բնորոշմամբ՝ պոպուլիզմով առաջնորդվողները չեն կարողանում ընդունել, որ մեղքի մեծ բաժինն իրենցն է, քանի որ հարցերի վերաբերյալ չունեն բովանդակային մոտեցում, ռազմավարություն, ուստի մեղքն իրենցից հեռացնելու համար, այն բարդում են ուրիշների ուսերին՝ ընտրում են հարմար թիրախ ու հայտարում իրենց թշնամի, որը կարող է մեկ ժամ կամ մեկ շաբաթ անց փոխվել։

«Վարչապետը հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հաջողությամբ չի կայանում, քանի որ իրավապահ համակարգը դիմադրում է, ավելին՝ ի հեճուկս իրավապահ համակարգի են պայքարում կոռուպցիայի դեմ։ Այստեղ հարց է առաջանում, եթե այդ պայքարում իրավապահ համակարգը դիմադրում է, ապա ի՞նչ գործիքակազմով են պայքարում կոռուպցիայի դեմ։ Վարչապետի ասածը տրամաբանության մեջ չի տեղավորվում, և սա բնորոշ է պոպուլիզմի սկզբունքով ղեկավարվողներին, քանի որ նրանք տրամաբանությամբ չեն առաջնորդվում։ Ինչպե՞ս  կարող է երկիրը կոռուպցիայի դեմ պայքարել՝ ի հեճուկս իրավապահ համակարգի, չէ՞ որ նրանք են կալանավորում, հետաքննություն իրականացնում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանը նաև նկատեց, որ իրավապահ համակարգի բոլոր ղեկավարներին վարչապետն է նշանակել՝ դատախազը, ՀՔԾ ղեկավարը, ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանավոր պաշտոնակատարները նրա ուզած մարդիկ են, այդ դեպքում ինչո՞ւ հաջողության չի հասնում կոռուպցիայի դեմ պայքարում, պատասխանը մեկն է՝ բովանդակային մոտեցում չկա հարցին։

«Վարչապետի մոտ լավ է ստացվում ջարդելը, փշրելը, թաթիկներ կտրելը, պատին սվաղելը, գետնին ծեփելը, պետական ապարատ ջարդելը, է հա, դա անելը հեշտ է, բայց հետո կկարողանա՞ վերականգնել, կարծես թե նրա մոտ պատկերացումները միայն սրա մասին են, լավ կլինի, որ այս ամենի փոխարեն՝ երկրի զարգացման տեսլական ներկայացնի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս