Բաժիններ՝

Հավատ, որ հրաշքներ է գործում

Հայ Եկեղեցին նշում է ոչ միայն Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը, այլ նաև հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից տոնը, որն անշարժ տոն է և նշվում է դեկտեմբերի 9-ին:

Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մի օր, երբ Աննան՝ Սուրբ Մարիամի մայրը, իջնում է պարտեզ աղոթելու, նրան հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ ինքը զավակ է ունենալու ասելով. «Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»: Աննան, գոհություն հայտնելով Աստծուց, խոստանում է իր զավակին Տիրոջը նվիրել: Միաժամանակ նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին՝ Սուրբ Մարիամի հորը, ով ևս շնորհակալ է լինում ու փառք տալիս Աստծուն: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Նրան Մարիամ են անվանում, որը նշանակում է լուսավորված:

Հովակիմն ու Աննան զավակ չէին կարողանում ունենալ, սակայն հույսով ու աղոթքով սպասում էին Աստծո կամքին, և այդ հույսն արդարացվեց՝ նրանց աղոթքները անպատասխան չմնացին: Հետևաբար, այսօրվա տոնը մեզ ցույց է տալիս պտղաբեր լինելու իրական ճանապարհը: Մարիամ Աստվածածնի լույս աշխարհ գալու հրաշքով մարդկությունը հասկացավ, որ աղոթքի և խոնարհության ճանապարհով միայն հնարավոր կլինի հասնել Աստծո մեծահոգությանն ու գթասրտությանը, քանի որ նա, ով հաստատուն է իր հավատքի մեջ, արժանանալու է Տիրոջ բարեհաճությանը: Եվ ի սրտե հավատն է միայն, որ կարող է հրաշքներ գործել:

Աղոթք Սուրբ Աստվածածնի

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:

Բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

… Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս