«Հայաստանը հիմա գնում է 1990 թվականը. մեր ամեն մի օրը նվեր է թուրքերին». Արծրուն Պեպանյան

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ասաց՝ կասկած չի ունեցել, որ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ հետո նման հայտարարություն է անելու:

«Եթե վարչապետն ուզում է երկրում բարեփոխումներ անել, ապա նրա գործիքները նախարարություններն ու մարզպետարաններն են, իսկ դրանք ռախիտներ են, և պետք է առաջնահերթ կարողանա վերափոխել այդ նախարարությունները, որը շատ ծանր ու բարդ գործ է: Այդ նախարարությունները ծնունդ են մեր ժողովրդի միջինացված մտածողության: Ես չեմ տեսել, որ հայ քաղաքական դաշտն իր առջև նման խնդիր դներ»,- ասաց նա:

Արծրուն Պեպանյանի խոսքով՝ իշխանությունները կեղծ թիրախ են, դրանք ընդամենը ցույց են տալիս ժողովրդի մտածողությունը, որակը. «Իշխանությունը հայելի է՝ նայում ես իշխանությանը՝ հասկանում ես՝ ինչպիսին է ժողովուրդը: Եթե ուզում եք ինչ-որ բան փոխել, ապա պետք է մտածել, թե ինչպես փոխել ժողովրդին: Ես հայաստանյան որևէ շարժման մեջ չեմ տեսել, որ այդ հարցը հասկանան, որևէ խումբ այդ հարցով զբաղվի: Պետական համակարգը չի դիմադրում, այն 100 տարի այդպես աշխատում է: Պետական համակարգը գիտի աշխատելու ընդամենը մեկ ձև, որը բխում է ժողովրդի մենթալիտետից, սա է հարցը: Եթե դուք եկել եք, ուզում եք հեղափոխություն անել, ապա մինչև իշխանության գալը պետք է իմանայիք՝ ինչ պետական համակարգ կա, և ինչ քայլերով պետք է աստիճանաբար վերափոխել, ոչ թե՝ գալ, հեռացնել, ոգևորվել, անտեղյակ մարդկանց ուղարկել այդ ռախիտ նախարարությունները»:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են այդ անտեղյակ և, Փաշինյանի ձևակերպմամբ՝ դիմադրող պետական համակարգի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, նրանց տեղակալներն այդքան բարձր պարգևավճարներ ստանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը պարգևավճար է տվել այդ մարդկանց, և թող ինքն իր մեջ ասի՝ ես լավ չեմ հասկացել, թե ուր եմ եկել, թե ինչ է պետական կառավարման համակարգը, և անտեղյակ մարդկանց պաշտոններ եմ տվել, ինչ է թե՝ ինձ հետ քայլել են»:

Արծրուն Պեպանյանը նկատեց՝ չհասկացող մարդիկ քվե են տվել իշխանություններին, իշխանություններն էլ ուրախանում են. «Մեր ժողովուրդը քաղաքականապես հասուն չէ, քաղաքականությունից բան չի հասկանում, և իրեն չի կարելի տանել ընտրությունների: Հո կրակը չընկա՞նք, որ մի անգամ ընտրություն եղավ, ձայն տվեցին»:

Դիտարկմանը՝ եթե ընտրություններին ժողովրդի 51 տոկոսը չի մասնակցել, իրավունք ունե՞ն ամբողջ ժողովրդի անունից խոսել, նա այսպես արձագանքեց. «Իրենք փաստաթուղթ ունեն, որ օրինական են, բայց ասել, որ ժողովրդին են ներկայացնում, պետք է շատ զգույշ լինել: Եթե ես այդքան տոկոս ունենայի, միշտ կասեի՝ հարգելիներս, ես ժողովրդի մեծամասնության քվեն չունեմ, բայց որոշ մարդիկ ինձ հետ համաձայն են կոնկրետ այս քայլերն անելու հարցում, ես փորձում եմ իրականացնել»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին և պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունն ամեն կերպ փորձում ձերբազատվել Հրայր Թովմասյանից և մյուս 5 դատավորներից, նա ասաց. «Հրայր Թովմասյանին չեն կարող ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնել, դա բացառվում է, եթե անգամ բոլոր դատավորներին համոզեն, որ գնան թոշակի, Հրայր Թովմասյանը մնալու է նախագահ՝ մինչև օրենքով սահմանված ժամկետը: Ես հարգարժան դատավորներին նախ շնորհակալություն եմ հայտնում՝ առ այսօր կամային հատկություններ դրսևորելու համար: Օրերս հետազոտություն նայեցի, որն ԱՄՆ-ն էր արել, ՀՀ Սահմանադրական դատարանը 40 տոկոս վստահություն ուներ: Դատավորները գիտակից մարդիկ են, հասկանում են՝ ինչու է սա արվում: Իշխանություններն ուզում են այլ կազմ լինի, որպեսզի որոշակի օրենքներ անցկացնեն, որոնք ներկա իշխանություններն Արևմուտքի առաջ պարտավորություն ունեն անցկացնել»:

Արծրուն Պեպանյանի խոսքով՝ Հայաստանը հիմա գնում է 1990 թվականը. «Այդ շրջանը մի անգամ էլ ենք անցնում, հասկանո՞ւմ եք: Ես միշտ ասում եմ՝ եթե մենք եվրոպական ինչ-որ հանգիստ կղզում լինեինք, կասեի՝ լավ, երեխաները թող խաղան, սովորեն, էլի, բայց թշնամիներ ունենք, որոնք անհամբեր սպասում են, որ ոչ թե տանկերով գան, այլ ոչխարի հոտերով, և ես այդ մտավախությունն ունեմ: Եթե մենք շարունակենք այսպես կարճամտություն դրսևորել, մեր ամեն մի օրը նվեր է թուրքերին»:

Ինչ վերաբերում է աղմկահարույց ձերբակալություններին, կալանավորումներին և խուզարկություններին, նա ասաց. «Ես զարմանում եմ մեր իրավապահ համակարգի վրա՝ այդքան դժվա՞ր է հիմքեր գտնել, կամ եթե հիմքեր չկան, խայտառակվում եք, էլի, մի՛ արեք, դիմում գրեք՝ տուն գնացեք: Ես, իհարկե, հասկանում եմ վերին իշխանության հապճեպությունը՝ ինչ-որ բաներ ցույց տալ, որը նաև նշանակում է՝ ինքը քաղաքական պրոցեսները հասկանալու խնդիր ունի: Եթե գար այնպիսի իշխանություն, որը նպատակ ունի երկիրն այս վիճակից հանելու, ինքը հետևյալը կաներ՝ նախ կհասկանար, որ այն, ինչ եղել է Հայաստանում՝ այս ունեցվածքի բաժանումը և այլն, չէր կարող չլինել, նա կհասկանար, որ այս ժողովուրդը, որն ունի այս որակները և մտել է կապիտալիստական հասարակարգի փուլի մեջ, այն, ինչ եղել է, պետք է լիներ:

Հետևաբար, պետք է ասեր՝ ես հասկացա, փակում ենք այս էջը, ով ոնց է եղել՝ հետո կնայենք, մենք երկիրը պետք է հանենք այս ճահճից. փողերը, խնդրում եմ, արտասահման չհանել, որևէ մեկից ես չեմ խլելու, դրեք տնտեսության մեջ, տնտեսությունը կզարգացնենք: Վաղը, երբ կպարզեմ, որ այս բաժակն ապօրինի եք վերցրել, այսքան գումար բերեք՝ տվեք բյուջե, էլի կմնա ձերը: Իսկ ակնհայտ դեպքեր եթե կան, այսինքն՝ մարդը սպանություններով կամ ակնհայտ հանցագործություններով է խլել, ես դեմ չեմ, որ այդ գործերը բացվեն, բայց կոչ անել, որ բոլորը, ովքեր ուննցվածք ունեն… հիմա էլ օրենք են ընդունում: Գիտե՞ք՝ ինչ է լինելու. ենթադրենք, բոլորից վերցրեցին, գնալու ենք 1990 թիվը, երբ ամեն ինչը պետական էր, և ասացին՝ դե, հիմա մասնավորեցնում ենք: Ի՞նչ տեղի ունեցավ. ովքեր իշխանության էին, ծանոթ էին իշխանություններին, իրենք սկսեցին ինչ-որ ձևերով ձևակերպել և ունենալ հարստություն: Հիմա էլ արդեն կան փաստեր, որ ներկայիս իշխանություններն իրենց յուրայիններին են տալիս պետական պատվերները: Մտածողությունը չի փոխվել: Ես սա համարում եմ քաղաքական կարճատեսություն, նույնիսկ՝ հակապետական գործունեություն»:

Ամփոփելով խորհրդարանի գործունեության 1 տարին՝ Արծրուն Պեպանյանն ասաց, որ խորհրդարանը ձևական է, չի վերահսկում կառավարության գործունեությունը, վարչապետին.

«Այն կից է վարչապետին: Վարչապետն ինչ ասի՝ իրենք պետք է անեն: Մենք ունենք խորհրդարանական ճգնաժամ: Այն ժողովուրդը, որը տվել է այդ, եթե ճիշտ եմ հիշում, 848 հազար քվեն, այդ ժողովուրդն այլևս չկա: Այսօր այլ ժողովուրդ ունենք՝ այլ տրամադրություններով, և ներկա խորհրդարանը չի արտահայտում ներկա ժողովրդի տրամադրությունները: Նման իրավիճակում կարգին երկրներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացնում, որպեսզի բախումները չլինեն համացանցում, փողոցներում, և որպեսզի առաջացած նոր տրամադրություններն իրենց ներկայացուցիչները գործուղեն ԱԺ դահլիճ, և այնտեղ բանավիճելով՝ գտնեն այնպիսի լուծումներ, որը քիչ վնաս կտա կողմերից որևէ մեկին: Մենք ունենք այս տխուր իրավիճակը, որովհետև ընտրության գնացող քաղաքական ուժը, որը մեծամասնություն վերցրեց, պատկերացում չուներ այն խնդիրների մասին, որոնք կան ազգի առաջ: Եթե այդ խնդիրներն իմանար, այլ ցուցակ, այլ նախարարներ կունենար, և կառավարության ղեկավարն այսօր ստիպված չէր լինի ասել, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս