Իրանում հուսով են, որ ՌԴ-ն Ֆորդոյի օբյեկտում աշխատելուց չի հրաժարվի ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Իրանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի իր հետ փոխգործակցել Ֆորդո ատոմային օբյեկտու տարվող աշխատանքում, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների գծով բացառությունների չեղարկմանը, չի թողնի նախագծի հետ կապված աշխատանքը »,-նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը: Քամալվանդին նշել է, որ Մոսկվան «շարունակում է մասնակցել «Բուշերի» ատոմային էլեկտրակայանի երկրորդ եւ երրորդ բլոկների շինարարությանը»:
Նրա խոսքով՝ «Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ է հետագայում կայուն իզոտոպների հետ կապված աշխատանքն իրականացնել նաեւ առանց Ռուսաստանի»: «Իհարկե, քաղաքական տեսակետից ավելի լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցությունը մեզ հետ»,-հավելել է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը:
Նոյեմբերի 6-ին Իրանը միջուկային գործարքով իր կամավոր պարտավորությունների կրճատման հերթական փուլի շրջանակներում սկսել է գազ ներմղել Ֆորդո օբյեկտի ցենտրիֆուգներ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը հայտարարել է դեկտեմբերի 15-ից այս օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին: Այս ֆոնին դեկտեմբերի 5-ին «ՏՎԷԼ» ընկերությունը (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեջ) Թեհրանին տեղեկացրել է բժշկական նպատակներով կայուն իզոտոպների արտադրության համար Ֆորդոյում գազային ցենտրիֆուգների երկու կասկադների մոդիֆիկացման նախագծի աշխատանքները դադարեցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: