Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում
Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենը կարիերայում ձեռքբերումների համար պատվավոր «Ոսկե արջի» դափնեկիր կդառնա Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում: Այդ մասին հայտնել է կինոստուգատեսի մամուլի ծառայությունը: Պարգեւատրման արարողությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 27-ին, որից հետո ստուգատեսի հյուրերին կցուցադրեն Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին» կինոնկարը, որում գլխավոր դերը կատարել է Միրենը:
«Հելեն Միրենը միշտ էլ ուժեղ անձնավորության տպավորություն է թողել: Նա նորից ու նորից զարմացնում է բարդ գործող անձանց իր մեկնաբանությամբ, նրա հերոսուհիները ուժեղ կանանց տիպարներ են, եւ մենք ուրախ ենք նրան պարգեւատրելու պատվավոր արջով»,- ասել է փառատոնի գործադիր տնօրեն Մարիետե Ռիսենբեկը, որի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:
Միրենը բրիտանացի դերասանուհի է, «Օսկար» մրցանակի եւ կնոջ լավագույն դերի համար Կաննի ու Վենետիկի կինոփառատոնների մրցանակների դափնեկիր: Նա հայտնի է այնպիսի կինոնկարներում խաղացած իր դերերով, ինչպիսիք են՝ «Գեորգ թագավորի խենթությունը», «Խոհարարը, գողը, նրա կինն ու իր սիրեկանը», «Կալիգուլա», «Հիչքոք», «Թագուհին» ֆիլմերը եւ շատ ուրիշներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: